Հայ-վրացական սահմանի մաքսային սպասարկման որակը բարձրացնելու նպատակով հուլիսի 12-13-ը պաշտոնական այցով Հայաստանում է Վրաստանի ֆինանսների նախարարությանն առընթեր եկամուտների ծառայության պետ Վլադիմիր Խունդաձեի գլխավորած պատվիրակությունը:
«Երկիր Մեդիա»-ի փոխանցմամբ՝ ՊԵԿ ղեկավար անձնակազմի հետ հանդիպման ժամանակ քննարկվել են մաքսային ոլորտում փորձի փոխանակմանն ու համագործակցությանը, ինչպես նաև «Բագրատաշեն-Սադախլո», «Այրում-Սադախլո», «Գոգավան-Գուգուտի» և «Բավրա-Նինոծմինդա» սահմանային անցակետերի բարեփոխման ծրագրին առնչվող հարցեր:
ՊԵԿ նախագահն առաջարկել է համատեղ տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման միջոցով մաքսային հայտարարագրերը փոխանակել էլեկտրոնային եղանակով, իսկ մաքսանենգության դեմ պայքարը հայ-վրացական սահմանին արդյունավետ դարձնելու նպատակով երկու գերատեսչությունների միջև ակտիվացնել հարցումների փոխանակումը: Առաջարկներն իրականացնելու նպատակով պայմանավորվածություն է ձեռք բերվել ստեղծել աշխատանքային խմբեր և սահմանել միջոցառումների հստակ ժամանակացույց: Վրաստանի եկամուտների ծառայության պետ իր հերթին պատրաստակամություն է հայտնել ակտիվացնել համագործակցությունը:
«Հայաստանի և Վրաստանի միջև սահմանային անցակետերի համատեղ կառավարման մասին» անցած տարեվերջին կնքված միջկառավարական համաձայնագրով ինքնին նախատեսվում է, որ սահմանը հատելիս կրկնակի ստուգման փոխարեն` մեկ անգամ կիրականացվի ստուգում: Դա առաջին հերթին թույլ կտա կրճատել ընթացակարգերը, ժամանակ խնայել, նվազեցնել ծախսերը, և, իհարկե, հարմարավետություն ապահովել:
Այն, ինչ նախկինում տասը րոպեում էր կատարվում, կիրականացվի արդեն ընդամենը հինգ րոպեում: Իսկ երկու երկրների մաքսային ծառայությունների միջև ամբողջ տեղեկատվությունը կփոխանակվի առցանց ռեժիմով»,- ասել է Վլադիմիր Խունդաձեն:









































