Սիրիայի կառավարական զորքերը վերականգնել են վերահսկողությունը Դամասկոսի հյուսիսային ծայրամասերի վրա: Ինչպես հաղորդում է ITAR-TASS-ը՝ վկայակոչելով տեղի ԶԼՄ-ները, ակնկալվում է, որ հինգշաբթի Բերզիի շրջանը, որտեղ երկար ժամանակ գտնվում էր զինված ընդդիմության հենակետը, կհայտարարվի անվտանգ: Դրանից հետո այստեղ կարող են վերադառնալ տեղի բնակիչները:
Գրոհայինների մեկ այլ խոշոր բազա է ոչնչացվել Դամասկոսից դուրս գտնվող արդյունաբերական գոտում:
Հաղորդվում է, որ Սիրիայի բանակի հատուկ ստորաբաժանումները շարունակում են գործողություններ իրականացնել Քաբուն և Ջուբար տեղանքների միջև ապստամբներին շրջափակելու համար: Սիրիացի զինծառայողները փակել են ստորգետնյա հաղորդակցության ուղիները, որոնցով շարժվել են գրոհայինները:
Դամասկոսից հարավ՝ Սիթ-Զեյնաբ և Հուջեյրա քաղաքներում ոչնչացվել է ահաբեկիչների բազա: Ըստ ԶԼՄ-ների տեղեկությունների՝ սպանվածների թվում կան վարձկաններ Սաուդյան Արաբիայից, Իրաքից, Չեչնիայից:
Հոմսում սիրիական բանակը շարունակում է մաքրել սունիական թաղամաս Խալիդիան և Բեբ-Հուդ քաղաքի հին մասը:
Հալեպից արևմուտք սիրիացի զինծառայողները Ժողովրդական ինքնապաշտպանության ուժերի աջակցությամբ կարողացել են հետ մղել գրոհայինների հարձակումները շիական Նուբլ և Ալ-Զահրա քաղաքների վրա և էական կորուստ պատճառել հակառակորդին: Միևնույն ժամանակ, հաղորդվում է, որ Հալեպում օր օրի վատթարանում է հումանիտար վիճակը:









































