ԱԺ-ում այսօր շարունակվեց 2010 թ. պետական բյուջեի կատարողականի հաշվետվությունը: Հերթը առողջապահության ոլորտի հաշվետվությանն էր: ՀՀ գլխավոր գանձապետ, ֆինանսների նախարարի տեղակալ Ատոմ Ջանջուղազյանը հայտարարեց, թե 2010 թ. առողջապահության ոլորտին ՀՀ բյուջեից հատկացվել է 58 մլրդ 223 մլն դրամ, կատարողականը կազմել է 97.4%, այսինքն՝ օգտագործվել է մոտ 56.7 մլրդ դրամ: Ընդհանուր առմամբ, նախարարությունն այս գումարով իրականացրել է 64 ծրագիր: Ընդ որում, 2010 թ.առողջապահության ոլորտի ծախսերի 45.5%-ը հատկացվել է մայրության և մանկության ծրագերի իրականացմանը:
Առողջապահության նախարար Հարություն Քուշկյանի տեղեկացմամբ, 2010 թ. հիմնականում նախորդ տարվա ոլորտի ֆինանսավորման նույն մակարդակը պահպանվել է: Ընդհանուր առմամբ, 2010-ին ազգաբնակչության մեկ շնչի հաշվով առողջապահական ծախսերը կազմել են 17,100 դրամ:
Նախարարը հայտարարեց, որ, չնայած ֆինանսական միջոցների սղությանը, առողջապահության նախարարության կողմից խիստ հսկողություն է սահմանվել բուժօգնություն իրականացնող կազմակերպությունների կողմից արվող ծախսերի նկատմամբ` նպատակ հետապնդելով եղած միջոցների շրջանակներում պահպանել և հնարավորինս բարձրացնել մատուցված բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մակարդակն ու մատչելիությունը: