Հայաստանի փոխարտգործնախարար, Հայաստան – Եվրամիություն ասոցացման համաձայնագրի գլխավոր բանակցող Զոհրաբ Մնացականյանը Ադրբեջանին Ռուսաստանի կողմից շուրջ մեկ միլիարդ դոլարի զինտեխնիկայի վաճառքը չի ցանկանում կապել Հայաստան – Եվրամիություն մերձեցման ծրագրերի հետ։
«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում փոխնախարարն ասել է, թե չի կարծում, որ այդ քայլով, ինչպես նաեւ Հայաստանին վաճառվող գազը թանկացմամբ պաշտոնական Մոսկվան անուղղակի ճնշում է գործադրում, որպեսզի Հայաստանը հրաժարվի Եվրամիության հետ ասոցացման համաձայնագրից և միանա Մաքսային միությանը:
Զոհրաբ Մնացականյանը հայտարարել է, որ Ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցությունների ժամանակ Հայաստանը հստակ հաշվի է առնում և՛ Ռուսաստանի, և՛ Եվրամիության նկատմամբ իր պարտավորությունները, և չի կարող մի ուղղությամբ գնալ՝ մյուսի հետ հարաբերությունների հաշվին. – «Կարեւորագույն սկզբունքը եղել է համադրումը, այլ ոչ թե հակադրումը»:
«Պետք է շատ լուրջ հաշվի առնենք Ռուսաստանի և Հայաստանի միջեւ հարաբերությունների խորությունը։ Դրանք մեկ օրում չեն կառուցվել և հիմքերը բավական ամուր են։ Գործընկերները խոսում են միմյանց հետ, գործընկերները կարող են միմյանց բացատրել, հասկանալ։ Ես չեմ կապում որևէ բան որևէ բանի հետ, որովհետև մենք ունենք մեր գործընկեր Ռուսաստանը և մեր գործընկեր Եվրամիությունը, մենք ունենք մեր ձեւաչափերը համագործակցության, և այդ շրջանակում տանում ենք մեր արտաքին քաղաքականության գիծը», – ասել է փոխնախարարը՝ շարունակելով․ – «Մենք շատ զգայուն ենք, մենք չենք կարող մի ուղղությամբ գնալով խախտել մյուս ուղղությունները։ Եվրամիության մեր գործընկերների հետ բանակցել ենք շատ ճշգրիտ, շատ խելամիտ ձևով, որոնք շատ լավ հասկանում են, որ երկրորդ կողմն ունի իր հնարավորությունների և պարտավորությունների շրջանակը։ Այդ առումով մեր պայմանագրերի մեջ չէինք կարող ի սկզբանե ունենալ բաներ, որոնք բերեին մեր արտաքին քաղաքականության ուղղությունների հակադրմանը։ Դա բացառվել է 22 տարի, բացառվելու է նաև հետագայում։ Սա մեզ համար խստագույն անվտանգության հարց է: Նկատի ունեմ՝ համապարփակ անվտանգության»։
Եվրամիության ընդարձակման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն երեկ վստահություն է հայտնել, որ նոյեմբերին Վիլնյուսում կայանալիք համաժողովում Հայաստան – ԵՄ ասոցացման համաձայնագիրը կնախաստորագրվի: Գլխավոր բանակցող փոխնախարարը ևս այդ կարծիքին է. – «Իհարկե, այդ մտադրությունը միանշանակ կա, մենք բովանդակային հիմնական մասերը վերջացրել ենք և այդ ամենով շարժվում ենք դեպի Վիլնյուս»։







































