Հերթական անգամ այսօր HSBC բանկ Հայաստանի ՓԲԸ գլխավոր գրասենյակում տեղի ունեցավ Առևտրի ֆինանսավորման ծառայությունների 2012 թվականի Լավագույն hաճախորդների ամենամյա մրցանակաբաշխության պաշտոնական արարողությունը: Միջոցառման մեկնարկին Էյչ-Էս-Բի-Սի բանկ Հայաստանի Գլխավոր գործադիր տնօրեն Թիես Քլեմենցն ասաց, որ HSBC բանկ Հայաստանի կազմակերպած առևտրի ֆինանսավորման մրցանակաբաշխության նպատակն է ցուցադրել, թե ինչպիսի հաջողությունների են հասել բանկի հաճախորդներն իրենց հետ համագործակցության արդյունքում և նրանց օրինակով խրախուսել այլոց՝ օգտվելու այդ ծառայություններից: Նրա խոսքով՝ բանկի հիմնական նպատակներից է խրախուսել միջազգային առևտուրը, որը բանկի հիմնաքարերից է, իսկ այս ամենը կազմակերպելով՝ հաճախորդներին հնարավորություն են ընձեռում միմյանց ճանաչել, փորձի փոխանակում իրականացնել և օգտվել HSBC բանկ Հայաստան ցանցի լայն հնարավորություններից:
«Առևտրի ֆինանսավորումը մշտապես եղել է HSBC -ի հիմնաքարը, և սկսած 1865թ., երբ HSBC-ն սկսեց իր գործունեությունը, այն ֆինանսավորում էր իրականացնում Ասիայի, Հարավային Ամերիկայի և Եվրոպայի միջև: Այդ բարի ավանդույթը շարունակվում է նաև այսօր: Այսօր HSBC խումբը համարվում է առաջատար առևտրի ֆինանսավորման ոլորտում և համաշխարհային շուկայում ունի 10% մասնաբաժին: HSBC-ի մրցակցային առավելությունն իր սփռվածությունն է աշխարհի 80 երկրներում, որի շնորհիվ բանկին հասանելի է համաշխարհային առևտրի 77%-ը: Այսօր մենք մրցանակներ կհանձնենք հինգ հաճախորդների, որոնք օգտագործելով HSBC ցանցի լայն հնարավորությունները և առևտրի ֆինանսավորման նորարարական պրոդուկտները՝ գրանցել էլ ավելի լավ արդյունքներ»,- ասաց Թիես Քլեմենցը:
Իր հերթին Էյչ-Էս-Բի-Սի բանկ Հայաստանի Առևտրավարկային դեպարտամենտի տնօրեն Արամ Փինաջյանը տեղեկացրեց, որ 2012թ.-ին առևտրի ֆինանսավորման ծառայությունների ծավալը աճել է 65%-ով` 2012թ.-ին կազմելով 30.5 մլրդ ՀՀ դրամ՝ 2011թ.-ի 18.5 մլրդ ՀՀ դրամի համեմատ, իսկ առևտրի ֆինանսավորման եկամուտներն աճել են 13%-ով: Փինաջյանը նշեց, որ բանկը պարգևատրում է իր հինգ լավագույն հաճախորդներին, որոնք զգալի հաջողություններ են գրանցել 2012թ.-ի ընթացքում իրենց իրականացրած միջազգային առևտրի գործունեության ոլորտում:
Բուն արարողության ընթացքում Առևտրի ֆինանսավորման լավագույն հաճախորդ անվանակարգում Միջազգային առևտրի մրցանակի արժանացավ Alfa Pet ՍՊԸ-ն, իսկ մրցանակը հանձնվեց կազմակերպության հիմնադիր Սամվել Թումանյանին: Փինաջյանը ներկայացրեց, որ ALFA PET ՍՊԸ-ն ակտիվորեն ներգրավված է միջազգային առևտրի մեջ` ներմուծելով և արտահանելով Չինաստանից, Կորեայից, Ռուսաստանից, Լյուքսեմբուրգից, Կանադայից, Վրաստանից և այլ երկրներից: «Անցյալ տարի ընկերությունը կատարել է կապիտալ ներդրումներ` օգտվելով Էյչ-Էս-Բի-Սի Հայաստանի և Շվեյցարիայի ծառայություններից, ինչը հաճախորդին հնարավորություն է ընձեռել նվազեցնել իր ֆինանսական ծախսերը մինչև 30%-ով»,- ասաց նա:
Առևտրի ֆինանսավորման լավագույն հաճախորդ անվանակարգում Նորարարական առևտրի մրցանակ ստացավ Piralyan LLC-ն: Ըստ Արամ Փինաջյանի՝ PIRALYAN ՍՊԸ-ն Հայաստանում հիմնադրել է կոշիկի նորարարական ֆաբրիկա, ողջ սարքավորումները և արտադրական գծերը ներմուծվել են Իտալիայից՝ երկու երկրներում գործող Էյչ-Էս-Բի-Սի–ների աջակցությամբ: Ընկերությունը զգալիորեն օգտվել է Ներմուծման փաստաթղթային ակրեդիվի առաջադեմ և շահեկան սխեմայից, ինչպես նաև արտերկրյա մատակարարի հետ Էյչ-Էս-Բի-Սի-ի վարած բանակցություններից:
Առևտրի ֆինանսավորման լավագույն հաճախորդ անվանակարգում Լավագույն նորեկ հաճախորդ մրցանակը ստացավ Mentor Graphics Development Services CJSC-ն: Մրցանակը հանձնվեց կազմակերպության տնօրեն Իրինա Դումանյանին: Ինչպես պարզ դարձավ Դումանյանի խոսքից, Էյչ-Էս-Բի-Սի Հայաստանի և ԱՄՆ-ի գրասենյակները գրասենյակային տարածքների վարձակալության նոր պայմանագիր են կնքել ընկերության աշխատանքների համար առավելապես հարմար պայմաններ ապահովելու նպատակով:
Առևտրի ֆինանսավորման լավագույն հաճախորդ անվանակարգում Գլխավոր գործադիր տնօրենի հատուկ մրցանակ ստացավ Golden Grape Armas LLC-ն, իսկ մրցանակը հանձնվեց կազմակերպության հիմնադիր Արմեն Ասլանյանին: Վերջինս տեղեկացրեց, որ Հայաստանում հիմնադրել է գինու-կոնյակի նորարարական գործարան, մեքենա-սարքավորումների և արտադրական գծերի ողջ պարկը ներմուծվել է Իտալիայից և կրկին՝ Էյչ-Էս-Բի-Սի Հայաստանի և Էյչ-Էս-Բի-Սի Իտալիայի աջակցությամբ: Ընկերությունը փոխառել է նաև արտասահմանյան գինեգործության առաջատար տեխնոլոգիաները` բարձրորակ խմիչքներ արտադրելու և միջազգային շուկաներ արտահանելու համար:
Առևտրի ֆինանսավորման լավագույն հաճախորդ անվանակարգում Գրան Պրի մրցանակ ստացավ Euroterm LLC-ն, մրցանակը հանձնվեց կազմակերպության տնօրեն Վահե Ղազարյանին: Euroterm ՓԲԸ-ն ներգրավված է սննդի և հյութերի վերամշակման ոլորտում: 2012 թվականի առևտրի ֆինանսավորման խոշորագույն հաճախորդն է: Ընկերությունն օգտվել է Էյչ-Էս-Բի-Սի Խմբի բանկերի ծառայություններից Եվրամիության և Ասիայի երկրներումª կիրառելով ապագային ուղղված կանխիկ հոսքերի կառավարման առաջադեմ լուծումներ: Անցյալ տարի ընկերությունը վերազինեց մրգերի և բանջարեղենի մշակման գործարանըª միջոցներ ներդնելով Եվրոպայից Հայաստան բերված նորագույն սարքավորումների և տեխնոլոգիաների մեջ: Եվրոթերմի արտադրանքը մեծ ճանաչում ունի ՌԴ-ում, Ուկրաինայում, ԱՄՆ-ում, բազմաթիվ եվրոպական երկրներում, Միացյալ Արաբական Էմիրություններում, Վրաստանում և այլ երկրներում:
Ինչպես տեղեկացրեց Արամ Փինաջյանը, ընկերությունն օգտվել է Էյչ-Էս-Բի-Սի խմբի տարբեր բանկերի ծառայություններից Եվրամիության և Ասիայի երկրներում՝ կիրառելով ապագային ուղղված կանխիկ հոսքերի կառավարման առաջադեմ լուծումներ, իսկ անցյալ տարի ընկերությունը վերազինել է մրգերի և բանջարեղենի մշակման գործարանը՝ միջոցներ ներդնելով Եվրոպայից Հայաստան բերված նորագույն սարքավորումներում և տեխնոլոգիաներում:








































