ՀՀ առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ կայացել է Հայ բժիշկների համաշխարհային 11-րդ համագումարի պաշտոնական փակումը։ Փակման խոսքով հանդես եկան ՀՀ առողջապահության նախարար, պրոֆեսոր Դերենիկ Դումանյանը, համագումարի նախագահ Վիգեն Սեֆիլյանը, Հայ բժիշկների համաշխարհային կոմիտեի նախագահ Ջերրի Մանուկյանը։
Պրոֆեսոր Դումանյանը բարձր է գնահատել համագումարի կազմակերպիչների կատարած աշխատանքը, որի արդյունքում հնարավոր դարձավ քննարկել և լսել աշխարհում բժշկական նորագույն մոտեցումների ու գիտական նվաճումների վերաբերյալ ճանաչված հայ բժիշկների ելույթները։ Նախարարը կարևորել է, որ համագումարի ընթացքում քննարկվել են նաև Հայաստանի Հանրապետության առողջապահական համակարգի և բժշկական կրթության արդի խնդիրները և զարգացման հեռանկարները։ Դերենիկ Դումանյանն իր խոսքում բոլորին հիշեցրել է 2015 թվականին Հայաստանի Հանրապետությունում հաջորդ համագումարի կայացման մասին և հրավիրեց բոլոր նրանց, ովքեր հետաքրքրված են մայր հայրենիքում և Լեռնային Ղարաբաղում առողջապահական համակարգի զարգացման խնդրով։
Հիշեցնենք, որ Լոս Անջելեսում հուլիսի 3-ին մեկնարկած Հայ բժիշկների համաշխարհային 11-րդ համագումարի բացման խոսքով հանդես է եկել ՀՀ առողջապահության նախարար, պրոֆեսոր Դերենիկ Դումանյանը` համագումարի մասնակիցներին ներկայացնելով Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը։
Համագումարի աշխատանքներին մասնակցել են մոտ 400 բժիշկներ և բուժքույրեր աշխարհի տարբեր երկրներից։








































