Անցյալ տարի հունիսին խորհրդարանին ուղղված իր կոչում Սիրիայի նախագահ Բաշար Ասադը զգուշացրեց Թուրքիայում էրդողանի հակառակորդներին, որ «Հալեպը գերեզման կդառնա, որտեղ կթաղվեն իհվանյան նախագծի երազանքները»: Հավանաբար Ասադը չէր սպասում, որ այդ սպառնալիքը այդքան շուտ կյանքի կկոչվեր: Մի շարք իրադարձություններ նպաստեցին դրան՝ Թուրքիայում ռազմական հեղաշրջման տապալված փորձը, Ռուսաստանի հաջողված հարձակումը Հալեպում, աշխարհի մտահոգությունը ահաբեկիչների հետ կապված, ԱՄՆ նախընտրական քարոզչությունը:
Կարծիք կա, որ Հալեպում «Ջեբհաթ ան Նուսրայի» գործողությունների արդյունավետության նվազման պատճառը Թուրքիայի կողմից աջակցության տրամադրման դադարեցումն է՝ պայմանավորված վերջին իրադարձություններով: Այժմ Էրդողանին բացառապես հուզում են իր երկրի ներքին խնդիրները, անգամ քրդական հարցը հետին պլան է մղվել:
Նույնիսկ ԱՄՆ ռազմական ղեկավարությունը մտահոգված է, որ թուրքական բանակում չդադարող զտումները ազդել են ԴԱԻՇ-ի դեմ արևմտյան դաշինքի պայքարի ունակության վրա:
Այսպիսով, Հալեպը դարձավ տարածաշրջանային փոփոխությունների զոհը, ամենաբարդը խաղացողների փոփոխվող խաղադրույքներին հետևելն է: Հալեպի և նրա բնակիչների ճակատագիրը ռուսական ռազմական ղեկավարության ձեռքում է: Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն այժմ վերահսկում է Հալեպի բնակիչներին դեպի անցակետեր ուղղորդելու քարտեզը: Միջանցքները, որ ռուսները անվանում են «հումանիտար», իրականում մահվան միջանցքներ են, քանի որ անընդհատ գտնվում են ռուսական և սիրիական ինքնաթիռների ռմբակոծության տակ:
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի խոսքով՝ այդ միջանցքների կազմակերպումը խաբկանք է: Ռուսաստանի խաբկանքը սիրիայում կրկնվում է հարյուրերորդ անգամ: Քերին զգուշացրել է Սերգեյ Լավրովին, որ հարցականի տակ է դրված ռուս-ամերիկյան համագործակցությունը: Այդ դեպքում սիրիացիները կհարցնեն՝ ինչո՞ւ պետք է վախենանք այդ համագործակցությունից, ի՞նչ է արվել սիրիական ճգնաժամը լուծելու համար: Օբամայի՝ սիրիացիների Ասադից փրկելու խոստումները չկատարվեցին, մինչդեռ Մոսկվան սիրիական ճգնաժամը վերածեց ահաբեկչության դեմ միջազգային պայքարի և փոխարենը խոստանում է Ասադի ռեժիմի լեգիտիմացում և պահպանում:
Ամերիկացիների խոստումներն անօգուտ են, իսկ Մոսկվայի պարտավորությունները՝ իրական: Սա այն է, ինչով ավարտվում է սիրիական հարցի շուրջ երկու գերտերությունների «համագործակցությունը»: Եվ այս ամբողջ ընթացքում աշխարհը ականատես է մարդկային ողբերգությանը, որը 300 հազար մարդու կյանք է խլել և միլիոնավոր սիրիացիերի ստիպել արտագաղթել: Աշխարհը տառապում է սոցիալական, տնտեսական հետևանքներից և անվտանգության սպառնալիքից, քանի որ չկարողացավ կանխել այդ աղետը հինգ տարի առաջ: ինչպես Ջոն Քերին է ասել՝ եթե միայն «հումանիտար» նախաձեռնությունը «խաբկանք» չլիներ:









































