Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում Նարինե Հովակիմյանի նախագահությամբ ավարտվել է Գառնիկ Մխիթարյանի գործի դատական քննությունը:
Գառնիկ Մխիթարյանը 1990 թվականից Հայաստանի որսորդների և ձկնորսների միության անդամ է:
2013 թվականի փետրվարի 1-ին նա որոշել է իրեն պատկանող ակոսափող կարաբին տեսակի որսորդական հրացանով գնալ Եղեգնուտ գյուղի մոտակա անտառները՝ առանց համապատասխան թույլտվության գայլի որս կատարելու:
Մխիթարյանը նստել է իր «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենան, Վանաձորից մեկնել Լոռու մարզի Եղեգնուտ գյուղում բնակվող ծանոթի տուն, խաբել, թե ունի գայլերի որս կատարելու թույլտվություն, խնդրել ու վերցրել է ծանոթի որսորդական շունը: Ապա մեկնել է գյուղի մոտակա անտառը, շան հետ շրջել Եղեգնուտի անտառպետության տարածքում:
Ըստ դատական ակտի՝ ժամը 17-ի սահմաններում «Ջուխտակ թալա» կոչվող տեղանքում Գառնիկը նկատել է «բնական ազատության վիճակում գտնվող եղջերուների ընտանիքին պատկանող մեկ այծյամ և, չունենալով այծյամի որս կատարելու թույլտվություն, որսորդական հրացանի մեկ կրակոցով ապօրինի որսացել՝ կյանքից զրկել է այծյամին՝ այդ գործողությամբ պետությանը պատճառելով 250 հազար դրամի վնաս»:
Մխիթարյանն իր որսած այծյամը դանակով մորթել, մաշկազերծ է արել, միսը մասնատել 22 կտորների, տեղավորել պարկի մեջ, իսկ կենդանու մորթին, ոտքերի սրունքների հատվածը և գլուխը թողել է անտառում:
Որսագողն իր մեքենայով ճանապարհվել է դեպի Վանաձոր, կանգնեցվել ոստիկանության Գուգարքի բաժնի աշխատակիցների կողմից, ովքեր հայտնաբերել են այծյամի միսը և Գառնիկ Մխիթարյանին իր մեքենայով հանդերձ բերման ենթարկել ոստիկանություն:
Ընդհանուր իրավասության դատարանը 45-ամյա Գառնիկ Մխիթարյանին մեղավոր է ճանաչել որսագողության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 294 հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և դատապարտել 400 հազար դրամ տուգանքի: Դատավճռով տուգանքի վճարումը տարաժամկետվել է 10 ամսով: Դատարանը պարտավորեցրել է Գառնիկ Մխիթարյանին՝ տասն ամսվա ընթացքում յուրաքանչյուր ամիս վճարել 40 հազար դրամ՝ որպես տուգանք:
Այծյամի միսը դատական ակտով հանձնվել է «Վանաձորի տարեցների տուն» հիմնադրամին:








































