Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Աղվան Պետրոսյանի նախագահությամբ սկսվել է Սուրիկ Խաչատրյանի գործի դատավարությունը:
60-ամյա Սուրիկ Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ լինելով Գեղարքունիքի մարզպետարանի սոցիալական ապահովության բաժնի վարիչ, իր մոտ է կանչել զոհված ազատամարտիկի այրի Ա.-ին ու բնակարան ձեռք բերելու նպատակով ՀՀ պաշտպանության նախարարության կողմից ֆինանսական աջակցություն ստանալու հարցը առաջնահերթության կարգով լուծելու, քաղաքացուհուն աջակցելու համար պահանջել է ներկայացնել մի շարք փաստաթղթեր:
Ա.-ն ներկայացրել է: Սուրիկ Խաչատրյանը փաստաթղթերն ուղարկել է ՊՆ ԶՍՊ վարչություն, որից հետո քաղաքացուհուն աջակցելու համար նրանից պահանջել է 300 դոլար:
Ըստ նախաքննական մարմնի՝ Խաչատրյանը Ա.-ից ստացել է 250 դոլար, ինչի համար մարզպետարանի սոցապ բաժնի վարիչին առաջադրվել է մեղադրանք ՀՀ քրեական օրենսգրքի 311 հոդվածի 1-ին մասով:
Սուրիկ Խաչատրյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:









































