Միլանի «Ինտեր»-ն ու սերբ կիսապաշտպան Դեյան Ստանկովիչը փոխադարձ համաձայնությամբ խզել են պայմանագիրը: Այդ մասին տեղեկացնում է «ներաձուրիներ»-ի պաշտոնական կայքը:
34-ամյա ֆուտբոլիստի` ակումբի հետ կնքած պայմանագրի ժամկետը լրանում էր 2014թ.: Ստանկովիչն «Ինտեր» էր տեղափոխվել 2004թ.` Հռոմի «Լացիո»-ից:
«Ինտեր»-ի կազմում սերբ ֆուտբոլիստը 5 անգամ նվաճել է Իտալիայի չեմպիոնի կոչումը, դարձել Չեմպիոնների Լիգայի գավաթակիր ու աշխարհի ակումբային առաջնության չեմպիոն: Նա նվաճել է նաև Իտալիայի գավաթն ու սուպերգավաթը:
Ընդհանուր առմամբ` «ներաձուրիներ»-ի կազմում անցկացրած 321 խաղերում Ստանկովիչը 41 գոլ է խփել:







































