Մեքսիկայի իշխանությունները դենգե տենդ տարածող մոծակների դեմ լայնածավալ պայքար են իրականացնում Ակապուլկո քաղաքում: Սանիտարները ծուխ են անում այն վայրերում, որտեղ միջատների բազմացման օջախներ կան: Այդ գործողությանը մասնակցում է ավելի քան 4 000 կամավոր, ովքեր միացել են Գերերո նահանգի սանիտարներին:
Ակապուլկոյում վտանգավոր հիվանդության հարուցիչների դեմ պայքարը սկսվել է քաղաքի բնակչության շրջանում հիվանդացության դեպքերի ավելացման պատճառով: Ըստ սանիտարական ծառայությունների տվյալների՝ վերջին շրջանում քաղաքում գրանցվել է հիվանդության ավելի քան 800 դեպք: Փորձագետները կարծում են, որ հիվանդության դեպքերի աճի պատճառն առատ տեղումներն են, որոնք վերջին ժամանակներս լինում են Մեքսիկայի տարածքի զգալի մասում: Որոշակի մեղք ունեն նաև տեղի բնակիչները, ովքեր խախտում են սանիտարական կանոնները: Դրա կապակցությամբ բուժաշխատողները զգուշացնում են, որ հարկավոր է փակ պահել օգտագործվող ջրի տարաները և ժամանակին աղբը հեռացնել բնակելի շինություններից:







































