Աֆղանստանը շարունակում է մնալ ափիոնի գլխավոր միջազգային արտադրողը։ Այս մասին ասվում է Թմրանյութերի նկատմամբ վերահսողության ՄԱԿ-ի վարչության զեկույցում: 2012-ին Աֆղանստանի մասնաբաժինն ափիոնի կակաչի համաշխարհային արտադրությունում կազմել է 75 տոկոս: Սպասվում է, որ 2013 թվականին այդ ցուցանիշը կաճի 15 տոկոսով: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:
Կակաչի աճեցմամբ և ափիոնի արտադրությամբ Աֆղանստանում զբաղված է ավելի քան 1 մլն մարդ: Այդ թմրանյութի մեծ մասն արտադրվում է հարավային Հելմանդ գավառում, որտեղ գտնվում են Մեծ Բրիտանիայի զինված ուժերը, որոնք պատասխանատու են ափիոնի կակաչի աճեցման դեմ պայքարի համար:
Այդ առնչությամբ Իրանի ազգային անվտանգության հարցերով խորհրդարանական հանձնաժողովի ղեկավար Ալաուդին Բորուջարդին նշել է, որ թմրանյութերի արտադրոթյունն այն բանից հետո, երբ Աֆղաստանում ափիոնի կակաչի աճեցման դեմ պայքարը հանձնարարվել է բրիտանացի զինվորականներին, հասել է 8000 տոննայի, մինչդեռ թալիբների իշխանության ժամանակ ցուցանիշը տատանվում էր 200-2000 տոննայի սահմաններում:
«Մենք չենք կարող հերքել, որ կակաչի աճեցման տարածությունը ներկայում զգալիորեն ավելի մեծ է, քան թալիբների ժամանակ»,- հայտարարել է Թմրանյութերի նկատմամբ վերահսկողության ՄԱԿ-ի վարչության ներկայացուցիչը:
Բորուջարդին նշել է, որ Աֆղանստանի հետ Իրանի սահմանի ձգվածությունը հասնում է մոտ 900 կմ-ի: Հարևան Աֆղանստանից թմրանյութերի մաքսանենգների դեմ պայքարում Իրանը վերջին 30 տարում 3700 ոստիկան է կորցրել: Իրանի խորհրդարանական հանձնաժողովի ղեկավարը թմրանյութերի դեմ պայքարում Իրանի հետ համագործակցության կոչ է արել:










































