Gazeta.ru-ի փոխանցմամբ՝ Moody`s միջազգային վարկանիշային գործակալությունը զգուշացրել է ԵՄ-ի ու Մեծ Բրիտանիայի համար այն լուրջ հետևանքների մասին, որոնց կհանգեցնեն երեկ ԵՄ կազմից դուրս գալու վերաբերյալ Մեծ Բրիտանիայում անցկացված հանրաքվեի արդյունքները:
Գլխավոր ռիսկը երկարաժամկետ անորոշությունն է, ինչը բացասաբար կանդրադառնա երկրի տնտեսական ցուցանիշների և ընկերությունների վարկային վարկանիշերի կանխատեսումների վրա:
Բացի դրանից՝ Moody`s-ը կարծում է, որ հանրաքվեի արդյունքները կարող են արմատականորեն փոխել ԵՄ-ի քաղաքական քարտեզը և գործարկել միջպետական միավորումների քաղաքական ֆրագմենտացիայի գործընթաց:
Եվս մեկ ռիսկային գործոն կապված է առևտրային արգելքների վերադարձի հետ, որից կարող են տուժել բացարձակապես բոլորը՝ սկսած ավտոարտադրողներից մինչև սնունդ արտադրողներ: Փորձագետները, սակայն, կանխատեսում են, որ կպահպանվի ԵՄ-ի ու Մեծ Բրիտանիայի միջև առևտրային համաձայնագրերի մեծ մասը, իսկ հանրաքվեն հիմնականում քաղաքական հետևանքներ կունենա:









































