Եվրոպայի Խորհրդի նախարարների կոմիտեում Հայաստանի Հանրապետության նախագահության ստանձնման կապակցությամբ հունիսի 26-27-ը աշխատանքային այցով Ստրասբուրգում էր ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը:
ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ Ստրասբուրգում ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդիպել է ԵԽԽՎ նախագահ Ժան Կլոդ Մինյոնի հետ:
Ողջունելով ԱԺ նախագահին` ԵԽԽՎ նախագահը կարևորել է Հայաստանի խորհրդարանի նախագահի այցը և ներկայությունը ԵԽԽՎ նստաշրջնանին: Ժան Կլոդ Մինյոնը շնորհակալություն հայտնեց Հայաստանի խորհրդարանին ԵԽԽՎ Բյուրոյի և մշտական հանձնաժողովի նիստերը Երևանում գերազանց կազմակերպելու և անցկացնելու համար: ԵԽԽՎ նախագահը կարևորել է ԵԽ Նախարարների կոմիտեում Հայաստանի նախագահությունը, հայտարարած առաջնահերթությունները և օրակարգը: Նա կարևոր է համարել ԵԽԽՎ-ում Հայաստանի խորհրդարանական պատվիրակության ակտիվ գործունեությունը և բարձր գնահատել Վեհաժողովի քաղաքական խմբերում և հանձնաժողովներում կատարած աշխատանքը:
ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ Եվրոպայի խորհրդում Հայաստանի առաջին նախագահությունը նշանակալից իրադարձություն է մեր երկրի համար և բացառիկ հնարավորություն է ներդրում ու մասնակցություն ունենալու անդամ երկրներում ժողովրդավարության, մարդու իրավունքների և օրենքի գերակայության, համամարդկային արժեքների տարածմանն ուղղված Եվրոպայի խորհրդի հավակնոտ օրակարգի ձևավորման գործում: Հովիկ Աբրահամյանի խոսքով` Հայաստանը մեծապես կարևորում և բարձր է գնահատում համագործակցությունը Եվրոպայի խորհրդի հետ, ինչպես նաև աջակցությունը մեր երկրում ընթացող ժողովրդավարական բարեփոխումներին: ԱԺ նախագահը կարևոր է համարել Հայաստանում ժողովրդավարության ամրապնդման գործում ԵԽ Խորհրդարանական վեհաժողովի դերակատարությունը, մասնավորապես մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցողների աշխատանքը: Այս առումով նա շեշտել է Հայաստան -Եվրոպայի խորհուրդ 2012-2014թթ. գործողությունների ծրագրի կարևորությունը, որը կոչված է աջակցել Հայաստանին իրականացնելու իր պարտավորությունները, մասնավորապես` շարունակելու բարեփոխումները դատաիրավական ու քրեակատարողական համակարգերում, կրթական ոլորտում, խթանելու լրատվամիջոցների ազատությունն ու պաշտպանելու երեխաների իրավունքները, խորացնելու տեղական ժողովրդավարությունը, բարելավելու ընտրական օրենսդրությունն ու պրակտիկան:
Կողմերն անդրադարձել են Լեռնային Ղարաբաղի հարցին` վերահաստատելով հիմնախնդրի խաղաղ կարգավորման կարևորությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո: Կողմերը համակարծիք էին, որ ցանկացած գործողություն, որը կարող է խաթարել ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքը, պետք է բացառվի, միաժամանակ վերահաստատելով համանախագահ երկրների կողմից առաջարկված ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման երեք հիմնարար սկզբունքները:
Հանդիպման վերջում ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը գրառում է կատարել ԵԽԽՎ պատվավոր հյուրերի հուշամատյանում:
Այցի շրաջանակներում ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդիպել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահ Դին Շպիլմանի հետ:
ԱԺ նախագահը նշել է, որ Հայաստանը շատ բարձր է գնահատում Դատարանի դերը Եվրոպայի խորհրդի անդամ 47 երկրներում բնակվող եվրոպացիների՝ մարդու իրավունքների պաշտպանության գործում: Նա ուրախությամբ փաստել է, որ հանդիպումը տեղի է ունենում ԵԽ Նախարարների կոմիտեում ՀՀ նախագահության շրջանակներում: Հովիկ Աբրահամյանի խոսքով` Հայաստանի նախագահությունը կշարունակի Եվրոպայի խորհրդի նախորդ նախագահությունների ջանքերը` ուղղված Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի կիրարկումն ամրապնդելուն: Ազգային մակարդակով Կոնվենցիայի արդյունավետ կիրարկումն անհրաժեշտ նախապայման է Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների բոլոր քաղաքացիների իրավունքներն ու ազատությունները երաշխավորելու համար: «Եվրոպայի Խորհրդի անդամ երկրները իրենց տարբերություններով հանդերձ? միավորված են ընդհանուր արժեքներով: Իսկ Եվրոպական դատարանն այդ արժեքների պաշտպանության հենասյունն է»,- ասաց Հովիկ Աբրահամյանը: ԱԺ նախագահը նշել է, որ Հայաստանը շարունակելու է աջակցել բոլոր այն բարեփոխումներին, որոնք ամրագրված են Ինտերլակենի և Բրայթոնի հռչակագրերում: Այս առումով, կարևոր քայլ համարվեց Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 15-րդ արձանագրության մշակումը, որը ստորագրության համար բացվեց հունիսի 24-ին, և որին Հայաստանը միացավ առաջինների թվում: Պարոն Աբրահամյանն անդրադարձել է նաև Հայաստանին վերաբերող գործերին: Խոսելով Եվրոպական դատարանի վարույթում գտնվող Սաֆարովի գործից` Հովիկ Աբրահամյանը նշեց, որ այն ոչ միայն Հայաստանի, այլ նաև ողջ միջազգային հանրության խնդիրն է: «Հայաստանն ակնկալում է, որ Եվրոպական դատարանը նշված հարցին կանդրադառնա զուտ իրավական տեսանկյունից և կտա համարժեք իրավական գնահատական, ինչը կարևոր նշանակություն կունենա նման անընդունելի արարքների վճռական կանխարգելման համար»,-նշել է ԱԺ նախագահը:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահը կարևորեց ՀՀ Ազգային ժողովի նախագահի այցը և ուրախությամբ նշել է, որ առաջիկայում ինքը առաջին անգամ կայցելի Հայաստան՝ մասնակցելու Ազգային ժողովում կայանալիք «Իրավունքի գերակայության եվրոպական չափորոշիչները և իշխանությունների հայեցողության սահմանները ԵԽ անդամ երկրներում» միջազգային համաժողովին: Դին Շպիլմանը բարձր է գնահատել հայ 4 իրավաբանների աշխատանքը Եվրոպական դատարանում և հույս է հայտնել, որ Հայաստանից նոր երիտասարդ իրավաբաններ կգործուղվեն ՄԻԵԴ, քանի որ դատարանը իր ծանրաբեռնվածության պատճառով լրացուցիչ իրավաբանների կարիք ունի: Ըստ Շպիլմանի` դա կարևոր է և արդյունավետ նաև փորձի փոխանակման առումով: ՄԻԵԴ նախագահը անդրադարձավ նաև Հայաստանին վերաբերող գործերին` նշելով, որ դրանք տարբեր աստիճանի բարդություն ունեն, սակայն մեծ թիվ չեն կազմում: Անդրադառնալով Ռամիլ Սաֆարովի գործին` Դին Շպիլմանը նշեց, որ Եվրոպական դատարանը նման զգայուն գործերի փորձ ունի և ՄԻԵԴ գնահատականը միանշանակ կլինի իրավական:
Հանդիպմանը քննարկվել են այլ հարցեր ևս:










































