ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչությունը սկսել է Հորդանան սպառազինություն ուղարկելու գաղտնի գործողություն, որը կփոխանցվի սիրիացի գրոհայիններին՝ հաղորդում է The Wall Street Journal-ը:
Պարբերականի փոխանցմամբ՝ Կենտրոնական հետախուզական վարչության կազմակերպած գործողությունը, ըստ որի՝ Հորդանան է ուղարկվում հրաձգային զենք և հակատանկային հրթիռային համալիրներ, կտևի մինչև երեք շաբաթ: Դրանից հետո ևս երկու շաբաթ ԱՄՆ-ի հատուկ ծառայությունների աշխատակիցները կզբաղվեն գրոհայինների ջոկատների կազմավորմամբ, որոնք կուղարկվեն Սիրիայի տարածք:
WSJ-ի տվյալներով՝ ներկայում ԱՄՆ-ի ղեկավարությունը բանակցություններ է վարում մի շարք երկրների, այդ թվում՝ Ֆրանսիայի հետ, Եվրոպայի պահեստներում գտնվող սպառազինությունը Հորդանան ուղարկելու շուրջ:
Ենթադրվում է, որ ԿՀՎ-ի կողմից նախապատրաստված սիրիական ընդդիմության զինված ջոկատները Սիրիա կուղարկվեն ամեն ամիս՝ սկսած օգոստոսից, ինչը թույլ կտա 4-5 ամիսների ընթացքում հավասարեցնել կառավարական զորքերի և ապստամբների մարտական հնարավորությունները:
ԱՄՆ վարչակազմի ներկայացուցիչները հրաժարվել են WSJ-ին մեկնաբանել աղբյուրների տեղեկատվությունը:









































