Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում շուրջ 20 սիրիացի փախստական է հոսպիտալացվել ավտոբուսի վրա դանակներով զինված անհայտ անձանց կողմից կատարված հարձակումից հետո՝ հաղորդում է Agence France-Presse-ը:
Տուժածների խոսքերով՝ մգեցված ապակիներով երեք ավտոմեքենա ստիպել են սիրիացիների միկրոավտոբուսին կանգնել: Մեքենաներից դուրս են եկել 8 մարդ՝ զինված սառը զենքով: Մտնելով ավտոբուս՝ նրանք հարձակվել են ուղևորների վրա: Դեպքի հետևանքով զոհեր չկան, սակայն շատ սիրիացիներ լուրջ վնասվածքներ են ստացել:
Հայտնի չէ, թե որոնք էին հանցագործության դրդապատճառները: Վերջին ժամանակներս Լիբանանում մեծացել է սիրիացի փախստականների հոսքը, որոնք գոյության միջոցներ չունեն, սակայն խնամք են պահանջում: Այս հանգամանքն առաջացնում է տեղի բնակիչների դժգոհությունը:









































