Մամուլի աշխատանքի վերաբերյալ բողոքի հարցերով նորվեգական հանձնաժողովը «Նայիր և լսիր» ամսագրի աշխատակիցներին մեղավոր է ճանաչել լրագրողական էթիկան խախտելու և թագավորական ընտանիքի անդամների անձնական կյանք ներխուժելու համար՝ հաղորդում է RIA Novosti-ն:
12 էջից բաղկացած բողոքը քննել են շուրջ երեք ամիս և այն անվանել են աննախադեպ, քանի որ սա առաջին դեպքն է, որ սկանդալային պարբերականին հավակնություններ է ներկայացրել թագավորական ամբողջ ընտանքիը, այլ ոչ թե առանձին ներկայացուցիչներ:
Բողոքի պատճառը հրապարակումն էր, որին ուղեկցել են տասնյակ լուսանկարներ, որոնցում պատկերված է արքայազն Հոկոն Մագնուսը՝ կնոջ և երեխաների հետ, Կարիբյան կղզիներից մեկի լողափին:
Հանձնաժողովը վճռել է, որ պարբերականի աշխատակիցները մի շարք դեպքերում խախտել են նորվեգական մամուլի էթիկայի կոդեքսի դրույթները՝ հրապարակելով ոչ ճիշտ տեղեկատվություն արքայազնի և նրա կնոջ ծախսերի վերաբերյալ:
Թագավորական պալատի մամլո ծառայությունը նշել է, որ իշխող դինաստիայի ներկայացուցիչները ողջունում են հանձնաժողովի որոշումը:









































