Ֆրանսիական իրավապահ մարմինների կողմից արմատական իսլամիստների բջիջների ոչնչացման ժամանակ 6 մարդ է ձերբակալվել: Հատուկ օպերացիան անցկացվել է երկուշաբթի՝ Փարիզի արվարձաններում: Այս մասին հայտնում է Europe 1 ռադիոկայանը:
Ձերբակալվածները 22-28 տարեկան են: Նրանք բոլորը կասկածվում են հանրապետության տարածքում ահաբեկչական գործողությունների նախապատրաստման մեջ: Ինչպես նշում են ոստիկանությունում, ձերբակալվածներից 4-ը՝ Ֆրանսիայի, մեկը՝ Բենինի, մյուսը Կոմորյան կղզիների միության ներկայացուցիչներ են: Ռադիոկայանի տվյալներով՝ հարձակման օբյեկտ կարող էին դառնալ ֆինանսական հաստատություններն ու ֆիզիկական անձինք:
2012-ից հանրապետությունում գործող օրենքով, որը քրեական պատասխանատվություն է նախատեսում օտարերկրյա ահաբեկչական ճամբարներում նախապատրաստություն անցած ֆրանսիացիների համար, եթե նույնիսկ նրանք Ֆրանսիայի տարածքում որևէ գործողություն չեն իրականացրել, նրանց սպառնում է 10 տարվա ազատազրկում:









































