2015 թվականին Ադրբեջանի կլինիկական բժշկական կենտրոնի թունաբանության բաժանմունք է ընդունվել 2 462 հիվանդ։ Ավելի քան 1000-ի մոտ ինքնասպանության բնույթի թունավորւմներ են եղել: azadliq.info կայքի փոխանցմամբ՝ այս մասին Բաքվում լրագրողներին հայտնել է հիշյալ բաժանմունքի ղեկավար Ազեր Մաքսուդովը:
Նա հայտնել է, որ 2014 թվականի համեմատ, 2015 թվականին բաժանմունք ընդունված հիվանդների թիվը 27-ով ավելի է եղել:
Վերջին տարիներին Ադրբեջանում բոլոր տարիքային խմբերի քաղաքացիների ինքնասպանությունների թիվն այնքան արագորեն է աճել, որ այն աշխարհում արդեն ճանաչվում է որպես «ինքնասպանությունների երկիր»: Այս մասին «Ազադլըգ» թերթին հայտնել է Ադրբեջանի հոգեբանական առողջության կենտրոնի հոգեբանական շտապօգնության բաժնի ղեկավար Քեմալե Թալըբովան Բաքվում կազմակերպված միջոցառման ժամանակ: Նա հայտնել է, որ 2015 թվականին Ադրբեջանում 535 քաղաքացի ինքնասպանություն է գործել, որոնցից 29-նն անչափահասներ են եղել: «Վերջին տարիներին գրանցվում են ինքնասպանության դեպքեր և՛ երեխաների, և՛ տարեցների շրջանում: Ինքնասպանություն կատարողների մեջ գերակայում են 18-35 տարեկան քաղաքացիները»,-ասել է նա` առանձնացնելով ինքնասպանության պատճառների մեջ ամենատարածվածները` սոցիալական խնդիրներ, ընտանեկական վեճեր, հոգեկան խախտումներ:
Հոգեբան Ազադ Իսազադեն հայտնել է, որ 2011 թվականից սկսած` Ադրբեջանում ինքնասպանությունների թիվը մեծացել է, իսկ վերջին մեկ տարում նավթի գների անկման հետևանքով ադրբեջանական մանաթի 100 տոկոսով արժեզրկումից հետո Ադրբեջանում մեծացել է բանկերին վարկային պարտքեր ունենալու պատճառով ինքնասպանությունների թիվը` կապված այն բանի հետ, որ դոլարային հաշվարկով ամսական վճարների չափը մեծացել է:
Ադրբեջանում ինքնասպանությունների պաշտոնական վիճակագրություն չի անցկացվում: Սակայն, ադրբեջանական ԶԼՄ-ների հաղորդագրությունների համաձայն՝ այս տարվա ընթացքում այդ երկրում արդեն գրանցվել է ինքնասպանության 182 դեպք, որից 17-ը՝ անչափահասների մասնակցությամբ։ Գրանցվել է նաև ինքնահրկիզման 14 փորձ, որոնցից 12-ը մահվան ելքով ավարտ են ունեցել: Փորձագետների կարծիքով` 182 ինքնասպանություններից 100- ը տեղի են ունեցել քաղաքացու «բանկային պարտքի» կամ «նյութական անկարողության» պատճառով:








































