Հայաստանի ազգային հավաքականի և Երևանի «Փյունիկ»-ի պաշտպան Վարազդատ Հարոյանը պայմանագիր է կնքել իրանական «Փադիդե»-ի հետ: Այդ մասին տեղեկացնում է իրանական ակումբի պաշտոնական կայքը: Կողմերի միջև ստորագրվել է մեկ տարվա պայմանագիր:
«Փադիդե»-ն Իրանի ավարտված առաջնությունում զբաղեցրել է 10-րդ հորիզոնականը:
Հունիսի 6-ին Վարազդատ Հարոյանը պայմանագիր էր կնքել իրանական մեկ այլ ակումբի` «Տրակտոր Սազի»-ի հետ, սակայն տեղափոխությունը ձախողվել էր՝ ակումբի ադրբեջանցի երկրպագուների պահանջով:
Հարոյանի պայմանագրի լուրը դժգոհություն է առաջացրել «Տրակտոր Սազի»-ի ֆանատների շրջանում, որոնց մեջ մեծ է ազգությամբ ադրբեջանցիների թիվը, ովքեր վերապահումներ են ունեցել Հարոյանի ազգության հետ կապված: Ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին «Տրակտոր Սազի»-ի երկրպագուները հանդիպումներից մեկի ժամանակ հանդես էին եկել հակահայկական կոչերով:







































