Թուրքիան և ԱՄՆ-ն ակտիվացրել են շփումները քաղաքական և ռազմական գերատեսչությունների գծով՝ Սիրիական ազատ բանակին անխափան կերպով ամերիկյան զենք մատակարարելու նպատակով:
Hurriyet թերթի տվյալներով՝ երկկողմ հարաբերություններն ակտիվացել են ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի որոշումից հետո, որի համաձայն՝ Սիրիայի ընդդիմությանը ռազմական օգնություն մատակարարելու «կանաչ լույս է» տրվել:
Թերթը, հիմնվելով դիվանագիտական աղբյուրների վրա, հաղորդում է, որ Թուրքիայի տարածքը լավագույն ճանապարհն է ամերիկյան զենքը Սիրիա հասցնելու համար:
Բացի այդ, Սիրիայի հյուսիսային շրջանները գտնվում են Սիրիական ազատ բանակի հսկողության տակ, և Թուրքիան 2011թ. երկրում հակամարտության սկսվելուց հետո հիմնական լոգիստիկ կենտրոնն է սիրիական զինված ընդդիմության համար:
«Այն բանից հետո, երբ ամերիկացիները փոխեցին իրենց դիրքորոշումը Սիրիայի հանդեպ, նրանք ցանկանում են մեզ հետ ավելի սերտ համակարգում ունենալ»,- թերթին ասել է Թուրքիայի ԱԳՆ ներկայացուցիչը:
Hurriyet-ի տվյալներով՝ այժմ ԱՄՆ-ի և Թուրքիայի ռազմական հետախուզություններն ակտիվորեն քննարկում են զենք հասցնելու լավագույն ուղիները: Այս խորհրդակցություններին ներկա են գտնվել Սիրիայի զինված ընդդիմության ներկայացուցիչներ:









































