«Չելսի»-ի կիսապաշտպան Ռամիրեսը խոստովանել է, որ թիմի նոր գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն օրեր առաջ զրուցել է իր հետ հեռախոսով և իր ուրախությունն է հայտնել, որ համատեղ աշխատելու հնարավորություն կստանան:
Սպասվում էր, որ 26-ամյա բրազիլացին կարող է դառնալ այն ֆուտբոլիստներից, ում հետ Մոուրինյոն չի ցանկանա աշխատել: Սակայն այժմ իրադարձությունների նման զարգացում քիչ հավանական է թվում:
«Շատ եմ ցանկանում աշխատել Մոուրինյոյի հետ: Վերջերս ես հեռախոսով խոսել եմ նրա հետ, դա ինձ շատ էր զարմացրել: Նա նշել է, որ ցանկացել է ինձ թիմ հրավիրել «Ինտեր»-ը և «Ռեալ»-ը գլխավորելու ընթացքում: Մոուրինյոն նաև նշել է, որ ուրախ է տեսնել ինձ «Չելսի»-ի կազմում:
Կանեմ հնարավոր ամեն բան, թիմին հաղթանակներ պարգևելու համար: Սա ինձ համար մեծ խթան էր: Կարծում եմ՝ մեզ հիանալի մրցաշրջան է սպասվում»,- նշել է Ռամիրեսը:






































