Հունիսի 2-ին ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսի և նրան ուղեկցող անձանց հետ, հայտնում են ՀՀ ոստիկանության մամլո ծառայությունից:
Վլադիմիր Գասպարյանը կարևորել է արդեն ավանդական համագործակցության, մասնավորապես, ամերիկյան փորձագետների աջակցության նշանակությունը ոստիկանության հետևողական բարեփոխման և ոստիկանական գործունեության արդիականացման համատեքստում:
Ըստ ոստիկանության հաղորդագրության, Ռիչարդ Միլսը ներկայացրել է դեսպանության թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության բաժնի ավագ խորհրդատու Ադի Հոլովեյին և գոհունակություն հայտնել, որ ԱՄՆ դեսպանատունը իրավապահ հարցերով խորհրդատուի միջոցով անմիջականորեն կարող է աշխատել ոստիկանության պետի և ոստիկանության այլ ղեկավար պաշտոնյաների հետ:
«Անդրադառնալով ՀՀ ոստիկանության գործունեության մեջ կատարված դրական փոփոխություններին՝ Ռիչարդ Միլսը նկատեց, որ հասարակության վստահությունը վայելելն ու քաղաքացիների անվտանգության ապահովումը այն մարտահրավերն են, որ իրավապահ ուժերի առաջ ծառացած են ողջ աշխարհում, իսկ դրանց ապահովումն ամուր ու կայուն հասարակության անհրաժեշտ նախապայմանն է»,- հայտնում են ոստիկանությունից:
Ըստ համաձայնագրի, Ռիչարդ Միլսն ընդգծել է, որ ոստիկանական ուժերն ու ղեկավարությունը կարողացել են առերեսվել այս մարտահրավերներին՝ ի թիվս այլ զարգացումների դրական տեղաշարժեր ապահովելով մարդկանց թրաֆիքինգի վերացման, թմրամիջոցների դեմ պայքարի և հանրահավաքների կառավարման հարցերում:
«Բարեկամական ու կառուցողական մթնոլորտում անցած հանդիպման ընթացքում քննարկվեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր»,- հայտնում են ոստիկանությունից:









































