Իրանն այլևս չի անցկացնի հրապարակային մահապատիժներ՝ հայտնում է Fars գործակալությունը՝ հղում անելով Իրանի Կազվին նահանգի դատախազ Ջամալ Անսարիին:
Անսարիի խոսքով՝ այսուհետ դատական համակարգն արգելում է հրապարակային մահապատիժների անցկացումը:
Վերջին ամսվա ընթացքում Թեհրանում մահապատժի է ենթարկվել 20 մարդ, որոնք մեղադրվում էին մարդկանց առևտրի և թմրանյութերի վաճառքի մեջ:
Արտասահմանյան ԶԼՄ-ների տվյալներով՝ Իրանում 2011-ի հոկտեմբերից 212-ի հոկտեմբեր ընկած ժամանակահատվածում կախաղան է բարձրացվել 488 մարդ: Մահապատժի ենթարկվածների 33 տոկոսը մեղադրվել է թմրանյութերի մաքսանենգության, իսկ 13 տոկոսը՝ բռնաբարության մեջ:
ՄԱԿ-ն ու միջազգային ոչ կառավարական Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունը Իրանից բազմիցս պահանջել են կասեցնել մահապատիժը: Մարդու իրավունքների պաշտպանության ակտիվիստները պնդում են, որ Իրանում մահապատիժների թիվը իրականում գերազանցում է պաշտոնական տվյալները:








































