Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովում այսօր՝ հունիսի 19-ին վիճաբանություն ծագեց ՀԱԿ պատգամավոր Լևոն Զուրաբյանի և ՀՀԿ անդամ Վարդան Այվազյանի միջև:
Լ. Զուրաբյանն իր ելույթում հիշեցրեց, որ ԱՄՆ դատարանը պաշտոնական դիրքի չարաշահման համար Վարդան Այվազյանի դեմ որոշում է ընդունել:
Վ. Այվազյանը մի քանի անգամ փորձում էր պատասխանել Լ. Զուրաբյանին, սակայն ԱԺ նախագահը դա թույլ տվեց միայն քվեարկությունից առաջ:
Ընձեռված հնարավորությունից օգտվելով՝ Վ. Այվազյանը հայտարարեց. «Իրավական գիտելիքների մեծ գիտակին պետք է խորհուրդ տամ, որ ինչ որ մի երկրի վարչական դատարանի որոշումն այստեղ ցիտելու փոխարեն ավելի լավ է ցիտեր միջազգային արբիտրաժի որոշումը: Իսկ որ 136 տոննայանոց ոսկու հանքը 200 հազարով ծախելու համար, որի վրա 5 տոննա ոսկի եմ գրել, ցավացել է ձեր սիրտը, ինձ համար ընդունելի է: Եթե մնացած մանրամասները կուզես իմանալ, մեծագույն սիրով պատրաստ եմ ձեզ էլ, ձեզ ներկայացնողներին էլ հանդիպել»:
Հիշեցնենք, որ 2012 թ. սեպտեմբերի 6-ին ԱՄՆ Նյու Յորքի Հարավային շրջանի դատարանը «Գլոբալ Գոլդ մայնինգ» ընկերության բողոքի հիման վրա 37,5 մլն դոլարի հայց է ներկայացրել ՀՀ բնապահպանության նախկին նախարար Վարդան Այվազյանի դեմ՝ կապված Մեղրաձորի հանքավայրի շահագործման իրավունքների հետ:











































