Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը լրագրողներին խոստովանել է, որ երբեմն աշխատում է ծայրաստիճան ոչ պաշտոնական մթնոլորտում: Այն մասին, թե ինչպես է ընթանում քաղաքական գործչի կյանքը Դաունինգ սթրիթի 10 հասցեում, նրան հարցրել են BBC-ի լրագրողները:
Քեմերոնն ապրում և աշխատում է միևնույն շենքում: Հարցին՝ չի՞ պատահում, որ նա գործերով զբաղվի գիշերանոցով, Քեմերոնը պատասխանել է. «Ես արթնանում եմ շատ վաղ և սկսում եմ պարտականություններս կատարել մինչև հագնվելս: Այնպես որ, կարծում եմ, կարող եմ ասել՝ այո»:
Daily Telegraph-ի լրագրողները նշել են, որ Քեմերոնի այդ խոսքերը կամրապնդեն նրա հեղինակությունը որպես մարդ, ով փորձում է խուսափել ավելորդ պաշտոնականությունից: Բացի այդ, նման տեղեկությունը կմեղմի քննադատներին, որոնք դժգոհություն են հայտնել առ այն, որ Քեմերոնը շատ քիչ է աշխատում: Անձամբ քաղաքական գործիչը բազմիցս ընդգծել է, որ իր աշխատանքը համարում է «շատ ծանր»:










































