Մոլդովացի հասարակական գործիչներն առաջարկել են Ռուսաստանի տարածքում ստեղծել Մոլդովական ինքնավար շրջան՝ հայտնում է Moldnews-ը:
Հաղորդվում է, որ «Իմ Մոլդովա» ասոցիացիան համապատասխան նամակ է հղել ՌԴ նախագահ ՎլադիմիրՊուտինին: Նամակում, ինչպես նշում է աղբյուրը, Պուտինին խնդրում են ինքնավարություն տրամադրել մոլդովացիներին, որոնք ցանկանում են ապրել և աշխատել Ռուսաստանի Դաշնությունում:
Ասոցիացիայի առաջնորդ, ձեռնարկատեր և հասարակական գործիչ Ֆեոդոր Գելիչը, ելույթ ունենալով մամլո ասուլիսի ժամանակ, ասել է, որ վերջերս է եղել Ռուսաստանում և շփվել հայրենակիցների հետ, որոնք աշխատում են այնտեղ: Նրա խոսքով՝ իրենց հայրենակիցներն այնտեղ բարգավաճում են: Նա նշել է, որ ռուսներն էլ իրենց հերթին գնահատում են մոլդովացիների աշխատասիրությունը:
Ասոցիացիայի առաջնորդի խոսքով՝ թող մոլդովացիներին աղքատ, լքված գյուղ տան և կտեսնեն, թե նրանք ինչպես կծաղկեցնեն այն:









































