Ազգային ժողովում շարունակվում են 2012թ. կառավարության գործունեության վերաբերյալ ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանի ներկայացրած հաշվետվության քննարկումները: ԱԺ ՀԱԿ խմբակցության ներկայացուցիչ Նիկոլ Փաշինյանը հարց ուղղեց ՎՊ նախագահին նրա առանձնատան վերաբերյալ:
«Դուք հիշո՞ւմ եք անցած տարվա մեր քննարկումները: Անցյալ տարի հարցրեցի Ձեզ, որն անպատասխան մնաց: Հաշվետու ժամանակաշրջանում ավարտին եք հասցրել այն հսկայական դղյակի շինարարությունը ՊՆ շենքի հարևանությամբ, որը շինարարության փուլում էր նախորդ տարի: Իմ տեղեկություններով՝ այդ տունը բնակեցված է, և վերջին տվյալների համաձայն՝ շատ տպավորիչ մեծ ծաղկեփնջերով զարդարված է եղել: Ձեզ երջանկություն եմ մաղթում, բայց ՀՀ և ՀՀ քաղաքացիներին էլ եմ մաղթում: Խոսում ենք չարաշահումների մասին, շատ լավ է, որ հարցեր ենք բարձրացրել, Դուք կարո՞ղ եք ներկայացնել, թե ի՞նչ միջոցներով եք կառուցել շքեղ առանձնատունը»,- հարցրեց Նիկոլ Փաշինյանը:
Ի պատասխան Իշխան Զաքարյանն ասաց, որ հարցն իր գործունեությանը չի վերաբերում:
Արձագանքելով իր հարցի պատասխանին՝ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ չհասկացավ Իշխան Զաքարյանի պատասխանը: «Իմ հարցը ենթատեքստ չունի, տունը Ձեզ պատկանո՞ւմ է, թե՞ ոչ: Դուք ապրո՞ւմ եք, թե՞ ոչ: Ձեր կինը ԶԼՄ ներկայացուցչի հետ զրույցում ընդունել է, որ Ձեր տունն է»,- ասաց նա:
Իշխան Զաքարյանի խոսքով՝ որևէ մեկը չի ժխտում, որ դա իր տունն է, որտեղ իրենք են ապրում: «Եթե Դուք ուզում եք ներդրումների բոլոր հիմքերը, ցույց կտամ հատ առ հատ»,- ավարտեց Իշխան Զաքարյանը:









































