ԱՄՆ Վիրջինիա նահանգում տարհանվել է Ռիչմոնդ քաղաքի միջազգային օդանավակայանն այն բանից հետո, երբ սպառնալիքներով հեռախոսազանգ է ստացվել: Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը:
Հեռախոսազանգը եղել է տեղի ժամանակով մոտ ժամը 6:00-ին: Որոշ ժամանակ օդանավակայանը փակ է եղել ինչպես չվերթների, այնպես էլ վայրէջքների համար:
Հետախուզության արդյունքում օդանավակայանում կասկածելի ոչինչ չեն հայտնաբերել:
Ատլանտա քաղաքի «Հարթսֆիլդ Ջեքսոն» օդանավակայանի D սրահից ևս տարհանել են մարդկանց այն բանից հետո, երբ մերձակայքում տեղակայված շինություններից մեկում պայթյուն է որոտացել:
Պայթյունի հետևանքով անջատված էլեկտրականությունը շուտով վերականգնվել է: Միջադեպի արդյունքում ոչ ոք չի տուժել:
Բացի այդ, Ատլանտայի կենտրոնում երեքշաբթի օրը տարհանվել են մի շարք կառավարական հաստատություններ: Պատճառը տեղադրված ռումբերի մասին անանուն հաղորդագրություններն են եղել:








































