Բաքուն Հայաստան գազ մատակարարելու հարցը կքննարկի պայմանով, որ «Երևանը համաձայնի Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը»: Այս մասին հաղորդում է APA գործակալությունը՝ վկայակոչելով Ադրբեջանի նավթային պետական ընկերության հաղորդագրությունը:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ Հայաստան գազի մատակարարման հնարավորությունը պայմանավորված է մի քանի գործոններով:
Մասնավորապես նշվում է՝ եթե «Հայաստանը հանդես գա բանակցությունների միջոցով Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման օգտին Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում, ապա Հայաստանը կարող է ներգրավվել Ադրբեջանի կողմից իրագործվող էներգետիկ նախագծերում»:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ադրբեջանը հայտարարել է Հայաստան գազ մատակարարելու հնարավորության մասին: Երկրի նախագահի վարչակազմն իր հերթին ընդգծել է, որ գազի դիմաց Հայաստանը որոշակի պայմաններ պետք է կատարի՝ չհստակեցնելով, թե ինչ պայմանների մասին է խոսքը:










































