Իրանը Հարավային Կորեայում նավթի արտահանումը ավելացրել է օրական մինչև 400 հազար բարել: Այս մասին հայտարարել է Իրանի նավթի նախարար Բիժան Նամդար Զանգանեն Կորեայի Հանրապետության պետական տարածքների, ենթակառուցվածքի և տրանսպորտի նախարար Կան Հո Ինի հետ Թեհրանում ունեցած բանակցություններից հետո՝ հայտնում է tass.ru-ն:
Մինչ Իրանի դեմ պատժամիջոցների վերացումը Թեհրանը Հարավային Կորեա էր արտահանում օրական մոտ 100 հազար բարել նավթ: Արդեն ապրիլ ամսին նավթի արտահանումը ավելացել էր մինչև 283 հազար բարել:
Զանգանեն ընդգծեց, որ երկու երկրների միջբանկային հարաբերությունների խնդիրը մինչ օրս լուծված չէ: Չնայած Իրանի նավթային և բանկային ոլորտներին վերաբերող պատժամիջոցների վերացմանը՝ Իրանը և իր արտասահմանյան գործընկերները դժվարություններ ունեն՝ կապված դոլարով հաշվարկի հետ:









































