ԱՄՆ-ը և Չինաստանը պետք է համատեղ մոտեցումներ մշակեն կիբերանվտանգության ոլորտում: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ հանդիպումից հետո՝ հաղորդում է Ria Novosti-ն:
«Մենք խոստովանում ենք, որ տեխնոլոգիաների զարգացման հետևանքով կիբերանվտանգության թեման և ընդհանուր մոտեցման անհրաժեշտությունն ավելի ու ավելի արդիական են դառնում ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարաբերություններում»,- ասել է Օբաման:
Նրա խոսքերով՝ աշխարհի 2 խոշորագույն տնտեսությունները փոխըմբռնման են հասել այս հիմնախնդրի հարցում համագործակցելու առումով:
Իր հերթին ՉԺՀ առաջնորդը նշել է, որ ԶԼՄ-ներում կիբերանվտանգության թեմայով լուսաբանումները այնպիսի տպավորություն են ստեղծում, թե այդ սպառնալիքը բացառապես միայն Չինաստանի կողմից է գալիս և ամերիկա-չինական հարաբերությունների գլխավոր խնդիրն է: Նրա խոսքով՝ Չինաստանը, սակայն, ևս կիբերհարձակումների զոհ է դառնում:
«Մենք պետք է այդ խնդրին հատուկ ուշադրություն դարձնենք՝ գիտակցելով որոշման կարևորությունը: Սա կարող է դառնալ ԱՄՆ-ի և Չինաստանի միջև պրագմատիկ համագործակցության ոլորտ»,- ասել է Սի Ցզինպինը:
Նշենք, որ ԱՄՆ-ը Չինաստանին բազմիցս մեղադրել է ցանցահենային հարձակումների և մտավոր սեփականության գողության մեջ:







































