Վրաստանը ներկայում ստացել է Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղային նախագծի շրջանակում վերականգնողական ու շինարարական աշխատանքների ֆինանսավորման համար Բաքվի կողմից վարկային գծով հատկացված գումարի 206.387 միլիոն դոլարը: Այս մասին հայտնում է Trend գործակալությունը՝ հղում անելով Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարության Տրանսպորտային քաղաքականության բաժնի պետ Քեթևան Սալուկվաձեին:
Համաձայն տեղեկությունների՝ Վրաստանը դեռևս չի ստացել 517.625 միլիոն դոլար:
Սալուկվաձեի խոսքերով՝ նախագծի շրջանակում աշխատանքների ավարտը Վրաստանի տարածքում նախատեսված է 2015 թվականին: Դրանից բացի, կվերակառուցվի Ախալքալաք-Մարաբդա-Թբիլիսի երկաթուղու հատվածը:
Նրա խոսքերով՝ Բաքու-Թբիլիսի-Կարսի նոր կապակցող երկաթուղային գծի վերկանգնման-շինարարական աշխատանքների միայն 29 տոկոսն է արված: Նախագծի շրջանակում ծրագրվում է կառուցել նոր՝ 105 կմ երկաթուղային մագիստրալի ճյուղ:
Ինչպես սպասվում է՝ երկաթուղին, որն ուղիղ ելք կունենա եվրոպական երկաթուղային ցանց, տարեկան կփոխադրի 30 միլիոն տոննա բեռ:








































