Մեծ Բրիտանիան հայտարարել է աղքատ երկրներում սովի դեմ պայքարի համար 375 մլն ֆունտ ստեռլինգ (570 մլն դոլար) հատկացնելու մասին: Ելույթ ունենալով Լոնդոնում անցկացված «Սնուցում աճի համար» միջազգային համաժողովին՝ բրիտանացի վարչապետ Դևիդ Քեմերոնը հայտնել է, որ չնայած պետական ծախսերի կրճատմանը՝ Միացյալ Թագավորությունը չի պատրաստվում նվազեցնել միջազգային օգնության ամենամյա հատկացումները, որոնք ֆիքսված են ՀՆԱ 0.7 տոկոս մակարդակի վրա: Այս մասին փոխանցում է ITAR-TASS-ը:
Քեմերոնի խոսքով՝ սովի դեմ պայքարին ուղղված այդ գումարը կհատկացվի մինչև 2020 թվականը: Լոնդոնյան համաժողովի մասնակիցների նպատակն է հավելյալ միջազգային օգնության չափը հասցնել 4.1 միլիարդ դոլարի:
Միևնույն ժամանակ մայրաքաղաքի Հայդ-պարկում կայացել է հանրահավաք: Մասնակիցները առաջատար գերտերություններին կոչ են արել մեծացնել թերսնման և սովի դեմ պայքարի ֆինանսավորումը: Հանրահավաքին մասնակցել են Microsoft ընկերության հիմնադիր Բիլ Գեյթսն ու բրիտանացի հայտնի կինոռեժիսոր Դոնի Բոյլը:
Բոյլը հիշեցրել է, որ աշխարհում սովից ու թերսնումից տարեկան մահանում է ավելի քան 3 մլն երեխա:










































