Թուրքական Sabah թերթի փոխանցմամբ` օրակարգում հայտնվել է ադրբեջանական գազը Թուրքիայի տարածքով Եվրոպա փոխադրելու համար նախատեսված «Անդրանատոլիական» գազատարի (TANAP) նախագծի ընդլայնման հարցը:
Ակնկալվում է, որ սկզբնական փուլում տվյալ գազատարով Եվրոպային տարեկան կմատակարարվի տարեկան 10 միլիարդ խորանարդ մետր գազ, սակայն այժմ չի բացառվում, որ այդ խողովակաշարով կարող է Եվրոպա հասցվել Հյուսիսային Իրաքի ու Թուրքմենստանի գազը:
TANAP-ի գլխավոր տնօրեն Սալթուք Դուզյոլը հայտարարել է, որ Իրաքում կան գազի հանքեր, որոնք հնարավոր է կապել TANAP-ին. «Իրաքի ուղղությամբ աշխատանքներ են կատարվում: Թուրքմենական գազը նույնպես կարող է փոխադրվել, այնտեղ էլ գազահանքեր կան»:
TANAP գազատարով գազի առաջին մատակարարումներն իրականացվելու են 2018 թվականին: Առաջին փուլում դրանով կմատակարարվի տարեկան 16 միլիարդ խորանարդ մետր գազ, որից 6 միլիարդ խորանարդ մետրը նախատեսված կլինի Թուրքիայի, իսկ 10 միլիարդ խորանարդ մետրը՝ Եվրոպայի համար:
Պլանավորված է հետագայում խողովակաշարով տարեկան մատակարարել 24, ապա նաև 31 միլիարդ խորանարդ մետր գազ: Գազատարը Թուրքիայի արևելքից ձգվում է դեպի արևմուտք՝ թուրք-հունական սահման:









































