Չիլիում 800 հազարից ավելի մարդ է մասնակցել երկրաշարժի ու ցունամիի դեպքում անհրաժեշտ քաղաքացիական պաշտպանությանը նվիրված ուսումնավարժանքին՝ հայտնում է ITAR-TASS-ը:
Ինչպես հայտարարել է Չիլիի արտակարգ իրավիճակների ազգային վարչության տնօրեն Ռիկարդո Տորոն, զորավարժությունների նպատակն էր ուսումնասիրել տեղական իշխանությունների ու բնակիչների պատրաստվածության աստիճանը բնական աղետներին:
Համաձայն սցենարի՝ Չիլիում տեղի է ունեցել 8.7 մագնիտուդով երկրաշարժ՝ Վալպարաիսո քաղաքից 62 կմ հեռավորության վրա, որին հաջորդել է ցունամի:
Վալպարաիսոյի քաղաքապետ Ռաուլ Սելիսը գոհունակություն է հայտնել զորավարժությունների արդյունքների կապակցությամբ:
«Մենք ցանկանում ենք, որ ապագա սերունդը պատրաստ լինի ու իմանա, որ ուժեղ երկրաշարժի ժամանակ անհրաժեշտ է պատսպարվել անվտանգ գոտիներում, ու մեզ հաջողվել է հասնել առաջադրված խնդրի լուծմանը»,- հայտարարել է նա:









































