Երբ 2002 թ. Թուրքիայում իշխանության եկան Արդարություն և զարգացում կուսակցությունն (ԱԶԿ) ու Էրդողանը, պատճառներ կային մտածելու, որ նրանք կուղղեն պատմության հետ վարվելու եղանակը և մասնավորապես Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Օսմանյան կառավարության կողմից հայերի նկատմամբ պետական քաղաքականության իրենց գնահատականը։
Քանի որ նրանց քաղաքական փիլիսոփայությունն բխում է ավելի կրոնական հասկացություններից, քան աշխարհիկ ու ազգայնական արժեքներից, Էրդողանն ու ԱԶԿ-ն կարող էին լիովին դատապարտել օսմանյան այդ քաղաքականությունը։ Նրանք փաստորեն կարող էին մատնացույց անել, որ ծայրահեղ պետականական ու ազգայնական գաղափարախոսությունն էր կատարվածի պատասխանատուն, այլ ոչ թե իսլամը։ Մերժելով պատերազմական ժամանակաշրջանի երիտթուրք Միություն և առաջադիմություն կոմիտեի (ՄԱԿ) քաղաքականությունն իբրև իսլամական արժեհամակարգին անհարիր երևույթ՝ Էրդողանը կարող էր փրկել օսմանյան ժառանգության այն եզրը, որը պատմության ընթացքում հանդուրժողական էր եղել։ Եվ եթե ՄԱԿ-ի քաղաքականության լավագույն բնութագրումը ցեղասպանությունն է, ուրեմն ի՞նչ արած։
Երբ Էրդողանն իշխանության եկավ, նա շատ ավելի բաց էր Օսմանյան պատմության այդ էջի նկատմամբ իր վերաբերմունքի մեջ։ Նա հայտարարեց, որ պատմությունը պետք է թողնել պատմաբաններին։ Սա մի սկիզբ էր Թուրքիայի պետության համար. այն պետության, որը միշտ իր խիստ մաքրագործված ու խեղաթյուրված պատմությունն էր պարտադրել իր երկրի ժողովրդին՝ ընդհուպ մինչեւ դպրոցական վերջին դասագրքի մեջ։
Թուրքիայի ու Հայաստանի միջև 2009 թ. ստորագրված երկու արձանագրությունները, որոնց նպատակը երկու պետությունների միջև հարաբերությունների կարգավորումն էր, ցեղասպանության հարցը միասնաբար ուսումնասիրելու անուղղակի, սակայն հստակ հղում էին պարունակում։ Տպավորությունն այն էր, որ Էրդողանը, Նախագահ Աբդուլլա Գյուլի աջակցությամբ, ցանկանում էր առաջ ընթանալ։
Ավելի նշանակալի էր այն հանգամանքը, որ 2011 թ. Էրդողանը ներողություն խնդրեց 1938 և 1939 թթ. Դերսիմ/Թունջելիում քուրդ քաղաքացիական հպատակների կոտորածի համար։ Ներողության գաղափարն ու քայլը անհամեմատ ավելի կարևոր են, քան այդ հայտարարության մանրամասները։ Թուրք ոչ մի ղեկավար երբևէ ներողություն չի խնդրել այն դաժան էջերի համար, որ օսմանյան կամ թուրքական պետությունը իրականացրել է իր իսկ հպատակների հանդեպ։ Բացի այդ, Էրդողանն ու արտգործ նախարար Ահմեդ Դավութօղլուն ցեղասպանություն տերմինը գործածել են միջազգային իրադրություններում շատ ավելի նվազ ահավոր դեպքերի առնչությամբ, քան 1915 թ. հայերի նկատմամբ իրագործված Օսմանյան քաղաքականությունն էր։
Ուստի և Էրդողանը, ցեղասպանությունը հերքելու փոխարեն, կարող էր մեկ այլ միջոց ընտրել։ Հայ ժողովրդի ցեղապանությունն իրագործվել է իշխող ՄԱԿ կուսակցության կողմից։ Եվ, այդ ոճիրը գործելիս, ՄԱԿ-ը հանդես չի եկել իբրև մահմեդական կառավարություն, այլ հիմնականում իբրև իշխանատենչ կլան, որն իշխանության է տիրացել ապօրինի ճանապարհով, հատուկ մի նպատակի անունով և կրոնն օգտագործել է միայն իր քաղաքականությունը գործադրելուն ծառայեցնելու և գերիշխող կրոնի՝ իսլամի կողմից արտոնվածության պատրանք ստեղծելու համար։ Նման փաստարկումը քաղաքանորեն հիմնված է արդարացի և պատմականորեն վավեր դատողության վրա։
Վարչապետ Էրդողանը կարող էր ներկայացնել այդ փաստարկը և լուծել Թուրքիայի համար խիստ կնճռոտ այս հարցը։ Նա կարող էր միջազգայնորեն հարգանք շահել թե՛ կառավարությունների և թե՛ քաղաքացիական հասարակությունների կողմից մեծ թվով երկրներում, որոնց հետ իր պետությունն առնչվում է։ Սակայն դա չի կատարվել, ամեն դեպքում՝ ոչ առայժմ։
Սուդանի Դարֆուր տարածաշրջանում կատարված ցեղասպանության կապակցությամբ Էրդողանը հայտարարել է, որ մահմեդականներն իրենց բնույթով իսկ չեն կարող ցեղասպանություն գործել։ Նման բան ասելով Էրդողանը թերևս մտածել է, թե փրկում է իսլամը պատմության մեջ այդ ամենաահավոր ոճրի ամբաստանությունից։ Մինչդեռ պատասխանատվությունից ազատելով ցեղասպանության հեղինակներին, որոնց կրոնն էր մահմեդական, այլ ոչ թե քաղաքականությունը՝ Էրդողանն անիմաստ է դարձնում պատմության քննական ու վերլուծական անաչառ մոտեցումը։ Եվ, այդ կերպ վարվելով, նա շատ ավելի խնդիրներ է ստեղծում այն կրոնի համար, որը փրկել է փորձում։
Ինչևէ, սա առաջին անգամը չէ, որ վարագույրները ծածկում են թուրք ղեկավարի աչքերը՝ անկախ նրանից, թե վերջինս որքանով է ազատական կամ բարեփոխիչ եղել այլ բնագավառներում։ Հայկական խնդիրն իսկապե՛ս Թուրքիայի ղեկավարների տեսողության սև կետն է։
Երբ 1908 թ. երիտթուրք ՄԱԿ-ն եկավ իշխանության, նա երկու տարբերակ ուներ։ Առաջինն այն էր, որ զբաղվեր հայերի բարձրացրած սոցիալական ու տնտեսական հարցերով։ Երկրորդ տարբերակն այն էր, որ Հայկական հարցը դիտեր իբրև օտարերկրյա դավադրություն և, հետևաբար, արդարացվող բռնամիջոցների ենթակա։ Երիտթուրքերն սկսեցին առաջինով և վերջացրին ընտրելով երկրորդ տարբերակը։ Արդյունքն այն էր, ինչ պատահեց 1915 թվականից սկսած։
Երբ Էրդողանն իշխանության եկավ, նա նույնպես երկու տարբերակ ուներ. նա կարող էր հայկական խնդիրը տեսնել իբրև օսմանյան/թուրքական պատմության անբաժանելի մաս, որի դեպքում պատմության վերանայումն անհրաժեշտ կլիներ երկրի ժողովրդավարացումն ավելի արդյունավետորեն հետապնդելու առումով. կամ շարունակել այս հարցով պետական քաղաքականությունը, որը պնդում է, թե պատմությունը վերանայելու պահանջը հիմնականում բխում է Թուրքիայի պետականությունը քանդելու օտար երկրների շահերից։
Էրդողանն առաջին տարբերակն ընտրելու նշաններ է ցուցաբերել։ Հարցն այն է, թե նա նո՞ւյնպես վերջացնում է երկրորդ տարբերակով։
* Ժիրայր Լիպարիտյանը պատմաբան է, որ 1991-1997 թթ. գործել է իբրև անկախ Հայաստանի առաջին նախագահի խորհրդական։ Այս վերլուծությունը Turkish Policy Quarterly (2013 թ. գարուն) պարբերականում տպագրված ավելի ծավալուն հոդվածի համառոտ տարբերակն է։ Հավելյալ տեղեկությունների համար այցելեք www.turkishpolicy.com











































