Ամերիկացի հետազոտողները ցուցադրել են մի համակարգի աշխատանք, որով սովորական տնային Wi-Fi-ն ճանաչում է օգտատիրոջ շարժումները: Տեխնոլոգիան աշխատում է նույնիսկ պատի միջով, այնպես որ, ապագայում հնարավոր է կարողանանք ղեկավարել «խելացի տան» համակարգերը՝ կիրառելով միայն ձեռքի շարժումները: Այս մասին հայտնում է The Verge-ը:
WiSee կոչվող արտասովոր մշակումը ստեղծել է Սիեթլի Վաշինգտոնյան համալսարանի հետազոտողների թիմը: Այն թույլ է տալիս սովորական տնային Wi-Fi-ի օգնությամբ ձեռքի շարժումներով ղեկավարել տան ողջ տեխնիկան:
Ներկայում համակարգը դեռ հեռու է կատարելությունից, սակայն կարողանում է միացնել հեռուստացույցի ալիքները, վառել ու հանգցնել լույսը, բարձրացնել երաժշտության ձայն: Շարժումներն աշխատում են նույնիսկ այն դեպքում, երբ մարդը գտնվում է հարևան սենյակում: Փորձարկման փուլում այն 94 տոկոսով ճանաչել է ժեստերը:









































