Ամերիկյան «Սթրաթֆոր» (Stratfor) հետախուզական-վերլուծական կենտրոնի Եվրասիա բաժնի վերլուծաբան Եվգենի Չաուսովսկին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում խոսել է Ղարաբաղյան հակամարտության գոտում ապրիլի 1-2-ին վերսկսված ռազմական գործողությունների և ադրբեջանական լայնածավալ հարձակման դրդապատճառների մասին:
Հեղինակավոր կենտրոնի վերլուծաբանն ասում է, որ ռազմական տեսանկյունից Ադրբեջանը որևէ լուրջ հաջողության չի հասել և չի կարողացել փոխել ուժերի հարաբերակցությունը շփման գծում, բայց Ալիևը կարող է շահարկել էսկալացիան քաղաքական առումով՝ մարտահրավեր նետելով ստատուս քվոյին և իր դժգոհությունը հայտնելով միջազգային հանրությանը:
Հարցին՝ որքանո՞վ է հավանական ռուս խաղաղապահների տեղակայումը հակամարտության գոտում, Չաուսովսկին պատասխանել է, որ առայժմ այդ տարբերակն այնքան էլ իրատեսական չէ, բայց միանգամայն հնարավոր կդառնա այն դեպքում, եթե իրավիճակը ավելի վտանգավոր դառնա:
– Եվգենի, ինչո՞վ եք բացատրում հակամարտության կտրուկ բռնկումը զորքերի շփման գծում: Դուք համաձա՞յն եք այն տեսակետի հետ, որ հարձակումը նախաձեռնել էր ադրբեջանական կողմը: Ի՞նչ հաշվարկներ է ունեցել Ադրբեջանը՝ Ձեր կարծիքով:
– Կարծում եմ՝ բազմաթիվ գործոններ կան, որոնք կարող են բացատրել վերջին էսկալացիան Լեռնային Ղարաբաղում: Անշուշտ, Ադրբեջանը ուներ ներքին դրդապատճառներ՝ ցանկանում էր փոխել ստատուս քվոն, բայց սա նաև կապված է ավելի լայն աշխարհաքաղաքական զարգացումների հետ՝ ռուս-թուրքական դիմակայությունը Սիրիայում, նաև Ռուսաստանի և Արևմուտքի լարված հարաբերությունները: Այս ամենը կարող էին ազդել Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրման վրա: Սրացումներ նախկինում, իհարկե, լինում էին ժամանակ առ ժամանակ, բայց սա ամենալուրջ էսկալացիան էր:
– Մարտական գործողությունները սկսվեցին Վաշինգտոնի գագաթնաժողովից անմիջապես հետո: Ինչպե՞ս կմեկնաբանեք այս հանգամանքը, ինչի՞ց էր դժգոհ Ալիևը:
– Ինչպես արդեն նշեցի՝ Ադրբեջանը դժգոհ է ստատուս քվոյից Լեռնային Ղարաբաղում և ամեն կերպ փորձում է մարտահրավեր նետել դրան: Նրա նպատակն է լուծել ներքաղաքական խնդիրները և վերադարձնել տարածքները: Շատ դժվար է ասել, թե ինչ է տեղի ունեցել Վաշինգտոնում, քանի որ մենք չգիտենք կոնկրետ մանրամասներ, բայց պարզ է, որ Ադրբեջանը գոհ չէր այն ամենից, ինչ տեղի ունեցավ գագաթնաժողովի ընթացքում:
Իմ կարծիքով՝ նրանք փորձում են ուղերձ հղել, որ Լեռնային Ղարաբաղը «սառեցված» հակամարտություն չէ: Ադրբեջանը հասկացնում է այնպիսի երկրների, ինչպիսիք են, օրինակ, Ռուսաստանը, Թուրքիան և անգամ Միացյալ Նահանգները, որ Ադրբեջանը դժգոհ է ստատուս քվոյից:
– Կարծում եք, որ Ալիևը հասա՞վ իր նպատակին:
– Դա կախված է մի շարք հանգամանքներից: Ակնհայտ է, որ մարտավարական մակարդակում՝ տարածքների, ուժերի հարաբերակցության իմաստով, շատ բան չի փոխվել, բայց սա շահավետ է Ադրբեջանի համար՝ ցույց տալու, որ ստատուս քվոն չի կարող պահպանվել: Եվ նմանատիպ էսկալացիաները կարող են կրկնվել ցանկացած պահի: Չեմ կարծում, որ ավելի լայնածավալ պատերազմ կլինի մոտ ապագայում, բայց քաղաքական իմաստով կարելի է ասել, որ Ադրբեջանը ինչ-որ բանի հասավ: Ռազմական, մարտավարական առումով փոփոխություն չկա:
– Այսինքն՝ Ադրբեջանը կարող է օգտագործել այս հանգամանքը քաղաքական առումով:
– Այո, դա է Ադրբեջանի նպատակը, բայց ամեն ինչ կախված է սկսված դիվանագիտական գործընթացից, միջնորդների և հակամարտող կողմերի միջև հանդիպումներից: Հայաստանի տեսակետից ստատուս քվոն, իհարկե, նախընտրելի է, և ամեն անգամ, երբ Ադրբեջանը փորձում է փոփոխել այն և բանակցությունների սեղանին բերել Ռուսաստանին, Թուրքիային և Արևմուտքին, դա ծառայում է Ադրբեջանի շահերին:
– Երևի անհրաժեշտ է նախ հասկանալ, թե որտեղ ենք հիմա և որ ուղղությամբ ենք շարժվում: Այս սրացումից հետո ավելի շատ մոտ ենք լայնածավալ պատերազմի՞, թե՞ վերջնական կարգավորման:
– Անկեղծ ասած՝ չեմ կարծում, թե շատ բան է փոխվել ռազմավարական իմաստով: Ես չեմ տեսնում պատերազմի հեռանկար մոտ ժամանակներում, բայց միևնույն ժամանակ կարծում եմ, որ վերջնական կարգավորմանն էլ մոտ չենք: Լեռնային Ղարաբաղը շարունակում է մնալ կառավարվող կոնֆլիկտ: Լայնածավալ պատերազմը չի բխում Ռուսաստանի շահերից, և դժվար թե Ռուսաստանը հրահրի պատերազմ, բայց միաժամանակ կառավարվող հակամարտությունը լիովին համապատասխանում է Ռուսաստանի շահերին:
– Թեև շատ արևմտյան վերլուծաբաններ համոզված են, որ Ռուսաստանն է հրահրել հակամարտության վերսկսումը:
– Ռուսաստանն, անշուշտ, ուզում է մնալ հիմնական խաղացողը Կովկասում՝ թե՛ Հայաստանի և թե՛ Ադրբեջանի հետ հարաբերությունների միջոցով: Բայց Ռուսաստանը չէր ուզենա, որ իրավիճակը դուրս գար վերահսկողությունից: Ես չեմ կարող պնդել, թե այն, ինչ տեղի ունեցավ այս մեկ շաբաթվա ընթացքում և շարունակվում է մինչև հիմա, ծառայում է Ռուսաստանի շահերին: Ռազմավարական տեսանկյունից Ռուսաստանը ցանկանում է պահպանել իր գերիշխող դիրքը և թույլ չտալ, որ արտաքին այլ խաղացողները՝ Թուրքիան, Միացյալ Նահանգները, մեծացնեն իրենց ազդեցությունը տարածաշրջանում:
– Ի՞նչ ազդեցություն է ունեցել սիրիական հակամարտությունը և որոշ առաջընթացը Սիրիայի հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ, մասնավորապես՝ Ռուսաստանի հայտարարությունը Սիրիայից զորքերի հիմնական մասը դուրս բերելու մասին: Այստեղ որևէ կապ կա՞:
– Անշուշտ, կարծում եմ, որ հնարավոր կապեր կան ոչ միայն Սիրիայի, այլև Ուկրաինայի հետ: Այս երկու հակամարտությունների դեպքում էլ Ռուսաստանը ցանկանում է Արևմուտքի, Թուրքիայի և մյուսների հետ միասին մասնակցել բանակցային գործընթացին և լինել բանակցային կողմ: Ղարաբաղյան հակամարտությունը և Հարավային Կովկասն ընդհանրապես այն դաշտն է, որտեղ Ռուսաստանը հզոր խաղացող է և կարող է օգտագործել նմանատիպ իրադարձությունները իր բանակցային դիրքերն ամրապնդելու համար:
– Հետաքրքիր է, որ վերլուծությունների զգալի մասը արվում է ռուս-թուրքական հարաբերությունների համատեքստում: Փորձագետների մի մասն ասում է, որ Թուրքիան է հրահրել լարվածությունը հակամարտության գոտում, մյուսները մեղադրում են Ռուսաստանին: Համամի՞տ եք այս մոտեցումների հետ:
– Ես արդեն ասացի, որ ռուս-թուրքական դիմակայությունը կարող է լինել հնարավոր պատճառներից մեկը: Կովկասն այն տարածաշրջաններից մեկն է, որտեղ նրանք մրցակցում են ազդեցության համար: Թուրքիան Ադրբեջանի կողմից է, Ռուսաստանի դիրքորոշումն ավելի բարդ է. նա Հայաստանի դաշնակիցն է, բայց նաև ազդեցություն ունի Ադրբեջանում: Այնպես որ՝ շատ հնարավոր է:
– Ի դեպ, ի՞նչ դեր են խաղացել Ադրբեջանի ներքին խնդիրները:
– Ադրբեջանն այսօր բարդ վիճակում է. կան տնտեսական լուրջ խնդիրներ, նավթի գներն ընկել են, նաև ներքաղաքական ինչ-որ հարցեր կան: Բայց նույնը կարելի է ասել նաև Հայաստանի մասին: Կարծում եմ՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն այդ իմաստով օգտակար է Ադրբեջանի և Հայաստանի կառավարության համար. Ադրբեջանի իշխանությունները ցույց տվեցին իրենց ժողովրդին, որ հակամարտությունն առաջվա պես կարևոր է, այն չի մոռացվել: Այս տեսանկյունից՝ հակամարտության սրացումը կարող է կապված լինել ներքին գործոնների հետ: Բայց ինչպես նշեցի վերևում՝ արտաքին գործոնները նույնպես կարևոր դեր են խաղացել, և բոլոր այս գործոնները ազդել են:
– Արդյոք ճիշտ կլինի՞ որևէ գնահատական տալ, թե ով հաղթեց կամ ով պարտվեց «հնգօրյա պատերազմում»:
– Դեռևս վաղ է գնահատական տալ, քանի որ թեև լարվածությունը նվազել է, բայց կրակոցները չեն դադարել: Առաջիկա շաբաթներին և ամիսներին պարզ կլինի, բայց այս պահի դրությամբ հակամարտությունը շարունակում է զարգանալ, իրավիճակը կարող է փոխվել:
– Իսկ ի՞նչ ակնկալիքներ կան դիվանագիտական գործընթացից:
– Ըստ իս՝ ներկայիս դիվանագիտական ակտիվության հիմնական նպատակը նոր սրացումները կանխելն է և համոզվելը, որ այս ամենը չի հանգեցնի լայնածավալ պատերազմի: Բայց դիվանագիտական գործընթացներ կային անգամ այս իրադարձություններից առաջ: Կովկասը շատ բարդ տարածաշրջան է, և այստեղ շատ բարդ հարաբերություններ են երկրների միջև: Այստեղ տարբեր երկրներ ունեն իրենց շահերը, և երբեմն դրանք բախվում են: Բայց այսօրվա խնդիրն է թույլ չտալ, որպեսզի իրադրությունը դուրս գա վերահսկողությունից:
– ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Բաքվում շատ ուշագրավ հայտարարություն է արել, որ հիմնախնդրի կարգավորման բոլոր բաղադրիչները բանակցությունների սեղանի վրա են, և կողմերը շատ մոտ են պայմանավորվածության: Մեկնաբանելով սա՝ Հայաստանի արտգործնախարարությունը նշել է, որ խոսքը Կազանի փաստաթղթի մասին է: Միաժամանակ հայտնի դարձավ, որ Գերմանիան ևս առաջարկել է ԼՂ հակամարտության կարգավորման ծրագիր: Սա ինչ-որ մրցակցությո՞ւն է Մինսկի խմբի ներսում:
– Ռուսաստանի և Արևմուտքի շահերը տարածաշրջանում, իհարկե, տարբեր են՝ լինի դա Գերմանիան, թե հատկապես Միացյալ Նահանգները: Գաղտնիք չէ, որ Ռուսաստանը երբեմն փորձում է մեծացնել իր ազդեցությունը՝ Մինսկի խմբին զուգահեռ առաջարկելով կարգավորման այլ ձևաչափեր: Դժվար է ասել՝ արդյոք հնարավոր կլինի՞ հասնել հիմնախնդրի վերջնական լուծման: Անցյալի փորձը ցույց է տալիս, որ դա շատ բարդ գործընթաց է՝ հատկապես հաշվի առնելով այս երկրների տարբեր շահերը: Բայց այսօր գլխավոր խնդիրը հակամարտության հետագա էսկալացիան կանխելն է:
– ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ասել է, թե Հայաստանը դեմ չէ խաղաղապահների տեղակայմանը հակամարտության գոտում: Ձեր կարծիքով՝ սա Ռուսաստանի սցենարի մի մա՞սն է:
– Այդ հարցը քննարկվել է նախկինում և այսօր կրկին վերադարձել է օրակարգ: Բայց ես այնքան էլ հավանական չեմ համարում այդ տարբերակը, որ ռուս խաղաղապահները կարող են մտնել Լեռնային Ղարաբաղ: Ըստ իս՝ Հայաստանի վերաբերմունքն այդ տարբերակին այնքան էլ միանշանակ չէ: Միաժամանակ պետք է ասել, որ այդ տարբերակը հնարավոր է այն դեպքում, եթե իրավիճակն ավելի վտանգավոր դառնա: Բայց առայժմ շատ վաղ է ասել:
– Իսկ ի՞նչ կասեք հետաքննությունների մեխանիզմ ստեղծելու ամերիկյան նախաձեռնության մասին:
– Ռուսաստանն ու Ադրբեջանը չեն սատարում այդ նախաձեռնությանը, այդ իսկ պատճառով դժվար թե այն կյանքի կոչվի, բայց դա բանակցային գործընթացի տարրերից մեկն է: Երկուսն էլ ունեն իրենց պատճառները. Ռուսաստանն ուզում է սահմանափակել Արևմուտքի ազդեցությունը, և այս նախաձեռնությունը չի համապատասխանում իր շահերին, Ադրբեջանն իր հերթին ունի իր պատճառները:
– Նկատի ունեք՝ եթե այդ մեխանիզմը ներդրվեր, դա կմեծացնե՞ր ԱՄՆ-ի ազդեցությունը հակամարտության վրա:
– Իհարկե, տեխնիկական իմաստով դա մեծացնում է նրանց տեսանելիությունը և վերահսկողությունը հակամարտության նկատմամբ, ինչը չի բխում Ռուսաստանի կամ Ադրբեջանի շահերից:











































