Հայաստանի ակտիվ հանրությանը շարունակում է վրդովվեցնել այն է, որ Ղարաբաղի հակամարտության կարգավորման միջնորդները կամ այլ միջազգային կառույցներ շարունակում են լռության մատներ ղարաբաղյան կարճատև պատերազմի հրահրողին և պատասխանատուին։ Զուգահեռաբար, հենց բլից պատերազմից օրեր անց ղարաբաղյան կարգավորման գործընթացը հերթական անգամ հայտնվել է չափազանց վտանգավոր հանգրվանում։
Միևնույն ժամանակ, վաղուց հասունացել է պահը, որ Հայաստանի հասարակությունում ղարաբաղյան կարգավորման գործընթացը կամ ղարաբաղյան հակամարտությունը արժանանա սկզբունքային գնահատականի և չափորոշման, որի հիմքում պետք է լինի կոնֆլիկտի քաղաքակրթական բաղադրիչը, բայց ոչ որպես միջազգային իրավունքի շրջանակում վիճարկվող գործոն,- այստեղ ինքնորոշումն է անփոխարինելին,- այլ որպես հակամարտության կարգավորման գործընթացի ուղեկից գործոն: Հասարակական գիտակցման այդ բեկումը կձևավորի նաև հանրային պահանջարկ իշխանության գործողությունների հանդեպ` դառնալով հայկական պետականության կառուցման ճանապարհին ղարաբաղյան խնդրի վերարժևորման և բեռից հնարավորությունների կամ զարգացման խթանի վերածելու նախադրյալ: Բայց դա է հենց առանցքայինը գործընթացի ճանապարհի առումով:
Այսինքն` առանցքային է հակամարտությունում կամ կարգավորման գործընթացում Ադրբեջանի հանդեպ քաղաքակրթական տարբերության հասնելը, քաղաքակրթական առավելության հասնելը: Ընդ որում` այստեղ խնդիրը պետք է լինի ոչ միայն դրա արձանագրումը պաշտոնական, քաղաքական, դիվանագիտական, այլ ընդհանրապես համաշխարհային հասարակական մակարդակում: Այսինքն` ոչ միայն պետք է արձանագրվի, որ բարեփոխումներում Հայաստանն առաջ է գնում, իսկ Ադրբեջանում խոսքի ազատության սահմանափակումներ կան, այլ պետք է աշխարհում հասարակությունների մակարդակով Հայաստանը դառնա քաղաքակիրթ աշխարհի ճանաչելի մաս, ինչը չի կարող արդեն իր հետքը չթողնել միջազգային քաղաքական դիրքորոշումներում:
Այսինքն` մենք կարող ենք վրդովվել ու զարմանալ, զայրանալ, որ բարեկամ Ֆրանսիան ու Ամերիկան ուղիղ և կոշտ չդատապարտեցին Ադրբեջանին, որ իբր դաշնակից Ռուսաստանը ուղիղ և կոշտ չդատապարտեց Ադրբեջանին, և չտվեցին անունը Ալիևի, բայց մենք այս էմոցիոնալ զայրույթի կամ զարմանքի հարթությունից պետք է դուրս գանք ռացիոնալ գնահատումների ու եզրահանգումների հարթություն և հասկանանք, որ այդ ամենը մեր իսկ աշխատանքի, մեր իսկ գործունեության արդյունքի արտացոլումն է: Հաճախ ասում են, որ այդ ամենը քաղաքական շահ է, քաղաքականության կեղտոտ, անբարո խաղ: Իրականում այդ մոտեցումն էլ հնարված է սեփական գործողությունների անարդյունավետությունը քողարկելու համար: Քաղաքականության մեջ շահն ու բարոյականությունը ձևավորվում են, ոչ թե երկնքից ընկնում կամ ծլում գետնի տակից:
Հետևաբար այստեղ ևս ամեն ինչ կախված է աշխատանքից և առաջին հերթին Հայաստանը պետք է կարողանա հասնել նրան, որ աշխարհը վերանայի Հայաստանի ու Ադրբեջանի չափման հիմնականում ընդհանրական սանդղակն ու Հայաստանը տեղափոխի, Հայաստանին ընդունի քաղաքակրթական նոր՝ ավելի բարձր մակարդակում: Իսկ դրա համար պետք է որակապես այլ պետություն, հասարակական համակեցության որակապես այլ կանոններ և արժեքներ: Իսկ Հայաստանն այժմ գտնվում է անգամ մինչև հիմա հասածը վտանգի տակ դնելու ճանապարհին:









































