Ցուցարարների փոքր խումբը փորձել է խափանել ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնի ելույթը, որը կնոջը՝ Հիլարիին, օգնում է ԱՄՆ նախագահի պաշտոնի համար նախընտրական պայքարում: Դեպքը տեղի է ունեցել հինգշաբթի՝ Ֆիլադելֆիայում ընտրողների հետ քաղաքական գործչի հանդիպման ժամանակ: Այս մասին հայտնում է TASS-ը:
Ականատեսների վկայությամբ՝ «Սևամորթների կյանքերը նույնպես նշանակություն ունեն» շարժման մի քանի մասնակիցներ աշխատել են իրենց բղավոցներով ընդհատել նախկին նախագահի ելույթը և պարզել են «Քլինթոնի քրեական օրենքը քանդեց մեր համայնքները» գրությամբ պաստառ: Մարդիկ բողոքել են 1994թ. օրենքի դեմ, որն ուղղված է եղել փողոցային հանցավորության դեմ պայքարին և հանգեցրել աֆրոամերիկացիների մեծաթիվ ձերբակալությունների:
ԱՄՆ նախկին նախագահը բողոքի ակցիայի մասնակիցներին հակադրվել է՝ հայտարարելով, որ նրանք փորձում են արդարացնել հանցագործների գործողությունները: «Դուք պաշտպանում եք մարդկանց, որոնք սպանում են հենց նրանց, ում կյանքերը, ինչպես դուք եք ասում, նշանակություն ունեն»,- դիմել է նա ցուցարարներին, որոնց հեռացրել են հանրահավաքից:









































