Պակիստանի վարչապետ Նավազ Շարիֆը երկրի հատուկ ծառայություններին կոչ է արել ավելի լավ համակարգել իրենց գործողությունները՝ ուժեղացնելով պայքարն ահաբեկչության դեմ: Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Ուժային կառույցների ղեկավարների հետ խորհրդակցությանը Շարիֆը հայտարարել է, որ «ահաբեկչությանը դիմակայելը պետության առաջնահերթ խնդիրն է»:
Մարտի 27-ին Պակիստանի Լահոր քաղաքի կենտրոնի այգիներից մեկի մոտ՝ մանկական խաղահրապարակից մի քանի մետր հեռավորության վրա, որտեղ ընտանիքներով հավաքվել էին բազմաթիվ տեղացի քրիստոնյաներ՝ տոնելու Սուրբ Զատիկը, մահապարտի ինքնապայթեցման հետևանքով զոհվել է ավելի քան 70 մարդ, վնասվածքներ ստացել ավելի քան 300-ը:
Ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել են «Թալիբանի» հետ կապված «Ջամաաթ ուլ-Ահրար» խմբավորման գրոհայինները, ովքեր հայտարարել են, որ թիրախում եղել են հենց քրիստոնյաները։
Շարիֆը նաև այցելել է ահաբեկչության հետևանքով վիրավորվածներին:








































