Իսրայելի հետախուզության և հատուկ հանձնարարությունների գերատեսչությունը («Մոսսադ») սկսել է սոցիալական ցանցերի միջոցով նոր աշխատակիցներ ընդունել, հաղորդում է TTU պարբերականը:
Հաղորդվում է, որ թիրախային լսարանում նրանք են, որոնց դուր են գալիս բարդ խնդիրները: Մինչև հիմա Իսրայելի հատուկ ծառայությունը զերծ էր մնում համացանցի միջոցով թեկնածուներ որոնելուց:
Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, տվյալ ակցիան անցկացվում է «Ունենալով այդքան թշնամի՝ մեզ պետք են ընկերներ» կարգախոսի ներքո:
Գովազդի քարոզարշավի շրջանակներում «Մոսսադը» հրապարակել է պահանջվող մասնագիտությունների ցանկը և հանդես է եկել հետևյալ հաղորդագրությամբ՝ «Եթե դուք խիզախ եք, խելացի ու հնարամիտ, եթե կարող եք տեղաշարժվել աշխարհով մեկ, հիացնել այլ մարդկանց, ապա, անկասկած, կարող եք կատարել մեր առաջադրանքները: Եթե դուք ունեք նման հատկանիշներ, ապա «Մոսսադի» դռները բաց են ձեզ համար: Այդ առաջադրանքները նրանց համար են, որոնք սիրում են հաղթահարել դժվարությունները, և նրանց համար, որոնք փնտրում են անսովոր իրավիճակներ»:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ հայտարարության համաձայն՝ ընտրված թեկնածուները պետք է բնակվեն Իսրայելում, կարճ ժամանակով կատարեն արտասահմանյան ուղևորություններ:
Պահանջված մասնագիտություններից են հատուկ գործողությունների ուժերի ներկայացուցիչներ, արաբերենին, պարսկերենին տիրապետողներ, բարձր տեխնոլոգիաների ոլորտի մասնագետներ, քիմիկոսներ, իրավաբաններ և այլն:








































