«Մայիսի 16-ին Վաշինգտոնում ՀՀ դեսպանությունում տեղի է ուենցել Նյու Յորքի Քարնեգի կորպորացիայի նախագահ, ամերիկահայ ականավոր գործիչ Վարդան Գրեգորյանին Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդման գործում ունեցած մեծ ավանդի և երկարամյա հայանպաստ գործունեության համար ՀՀ Նախագահի կողմից շնորհված «Մխիթար Գոշ» մեդալի հանձման հանդիսավոր արարողությունը:Այս մասին «Առաջին լրատվական»-ին հայտնում են ՀՀ ԱԳՆ մամլո գրասենյակից:
Հանձնելով ՀՀ Նախագահի պարգևը՝ ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Թաթուլ Մարգարյանը բարձր է գնահատել Վարդան Գրեգորյանի գործունեությունը ամերիկյան հասարակական-կրթական ոլորտում և հայ համայնքի կյանքում՝ նշելով, որ Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից Վարդան Գրեգրոյանին շնորհված պետական պարգևը պարոն Գրեգորյանի նվաճումների, ավանդի և հայանպաստ գործունևթյան արժանի գնահատականն է:
Քարնեգի կորպորացիայի նախագահ Վարդան Գրեգորյանն իր խոսքում, մասնավորապես, նշել է, որ բազմաթիվ պարգևների և մեդալների շարքում այս մեկն առանձնահատուկ տեղ է զբաղեցնում, քանի որ այն իր անկախ և ինքնիշխան հայրենիքի պարգևն է. անկախ Հայաստանի, որին հայ ժողովուրդը կարողացավ հասնել մեծ զոհողությունների գնով և որի զարգացման համար բոլոր հայերը պետք է միասնական ջանքեր գործադրեն: Նա երախտագիտության խոսք է հղել ՀՀ Նախագահին իր գործունեության բարձր գնահատականի համար:
Այնուհետև Վարդան Գրեգորյանին ողջունել են և շնորհավորանքի խոսքեր ուղղել են Հայ Առաքելական եկեղեցու Ամերիկայի արևելյան թեմի ներկայացուցիչ Վիգեն արքեպիսկոպոս Հայկազյանը, ամերիկահայ համայնքի ներկայացուցիչները:
Միջոցառմանը մասնակցել են, Հայ առաքելական եկեղեցու հոգևոր այրեր, ԱՄՆ-ում ԼՂՀ ներկայացուցչության աշխատակիցներ, հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ, լրագրողներ:









































