«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Դիվերսիոն հատուկ նշանակության ջոկատի հիմնադիր հրամանատար, հետախույզ Վովա Վարդանովը:
– «Ինտերֆաքս» գործակալությունը հրապարակեց 200 մլն դոլարի ռուսական վարկով Ռուսաստանից Հայաստանին մատակարարվող զենքերի ցանկը: 200 մլն դոլարի վարկը արդյո՞ք համարժեք է ձեռք բերվող տեխնիկային:
– Ի սկզբանե ես այնքան էլ կողմ չէի մեր ազգի մեծ մասի սպասումներին, որ «Իսկանդեր» ձեռք կբերվեն: Ես միշտ դեմ եմ եղել «Իսկանդեր»-ներին, որովհետև դրանք առաջին հերթին չեն կարող ծառայել միայն մեզ, որովհետև իրենց տիեզերքից մշտական աջակցություն է պետք ճիշտ թիրախին հարվածելու համար: Ավելի էժան ժամանակակից զինատեսակներ կան, «Սմերչն» է, որ հիմա գնում ենք: Իմ կարծիքով՝ այդ հարցում մեր ռազմական ղեկավարությունը ճիշտ քայլի է դիմել, որ հրաժարվել է ավելի թանկ ու ոչ այնքան արդյունավետ, ու 100 տոկոսով ռուսական դաշնակցից կախված զենքի տեսակներից: 100 տոկոսով Ռուսաստանից կամքը պիտի լիներ, որ մենք «Իսկանդերը» օգտագործեինք, ստացվում էր, որ մենք զենքը պետք է առնեինք, բայց ռուսինը մնար, փաստորեն լավ է, որ այդքան բան հասկացան և այդ զենքից չառան: Զենքի տեսակներ կան նշված, բայց քանակներ նշված չեն, դրա համար հասկանալի չէ՝ այդ գումարին համարժք է, թե չէ, բայց չեմ կարծում, որ այդտեղ խարդախություններ կլինեն, երևի նորմալ քանակի կառնեն:
Ավելի լուրջ հարց կա. օրինակ՝ մեզ չպետք է վաճառեր այդ զենքը, որովհետև ռուս-թուրքական այս լարվածությունը, որ առաջացել է, որը կարող է բերել որոշակի բախումների նաև Հայաստանի սահմանին, որպես մեր դաշնակից մեզ ներքաշում են այդ կոնֆլիկտի մեջ, ներքաշում են առանց մեր կամքը կամ ցանկությունը հարցնելու: Փաստորեն, իրենք ուղղակի պարտավոր էին մեզ անվճար զենք տրամադրել: Մեր ղեկավարությունը պետք է այդքան բանը հասկանար կամ՝ եթե հասկանում էր, բերեր ռուսների հասկացողությանը, մանավանդ որ՝ Ռուսաստանը մեզանից կանխիկ գումար չի վերցնում, այլ մեզ վարկ է տալիս, ստացվում է, որ Ռուսաստանը փողի կարիք ունենալով՝ նույնիսկ մեզանից փող էլ չի կարողանում ստանալ այս գործարքից, այսինքն՝ զուտ կախվածություն է առաջացնում: Իսկ Ռուսաստանի ինչին է պետք 100 տոկոսանոց կախվածությունը ռազմական հարթությունում թուրքերի հետ բախումների հարցով դարձնել 105 տոկոս, այսինքն՝ աբսուրդի հասնող կամքի դրսևորում է ռուսական կառավարության կողմից, կամ մեր ղեկավարությունը չի կարողացել այդ հարցը բարձրացնել ռուսների մոտ, որովհետև Կրեմլում, ճիշտ է, ոչ այնքան լավ մարդիկ են նստած, բայց հիմար չեն, իրենք կհասկանան, եթե մեր կառավարությունն ասի՝ այս ամեն ինչը անվճար հատկացրեք և նաև բացատրի՝ ինչ պատճառով:
Իսկ այս տեղեկությունը հրապարակայնացնելով՝ Թուրքիային և իրենց դաշնակից Ադրբեջանին, այսպես ասած, զգուշացում է արվում, որ այդքան հեշտ չի լինելու այստեղ հարցեր լուծել, որ իրենք ոտնձգություններ չանեն Հայաստանի սահմանների վրա:
– Երբ, ըստ էության, հրապարակվում են զենքի տեսակները, խախտվում է պայմանավորվածությունը, հնարավո՞ր է ինչ-որ առումով նպատակ ունի Ադրբեջանին ցույց տալ, թե Հայաստանն ի՞նչ նոր տեխնիկայով է զինվում, և էլ ավելի շատ տեխնիկա փորձել մատակարարել Ադրբեջանին:
– Շատ հնարավոր է՝ հաշվի առնելով, որ շատ հաճախ բիզնեսը և պետական շահերն իրար չեն համապատասխանում: Հիշենք թեկուզ այն, որ Ռուսաստանը հնարավոր է սրիկա եղանակով ստիպում է թուրքերին, որ խեղճանան, 5 միլիարդանոց գործարք կնքեն Ռուսաստանի հետ:
– Պարոն Վարդանով, ռուս-թուրքական պատերազմը մոտենում է, այդ շեմին ենք մոտենում, ըստ Ձեզ՝ եթե նման բան լինի, Հայաստանն ի՞նչ կեցվածք պետք է որդեգրի, արդյոք այդ պատերազմական գործողությունները ինչ-որ առումով կարո՞ղ են առնչվել նաև Հայաստանի սահմաններին, թեև արդեն այսօր փորձագետները նշում են, որ դա հնարավոր է Սիրիայի տարածքում: Ձեր կարծիքով՝ Հայաստանը որքանո՞վ հնարավորություն ունի զերծ մնալ այս ամենից:
– Ես չեմ կարծում, որ Թուրքիան լայնամասշտաբ պատերազմ կսկսի Ռուսաստանի նկատմամբ, ինքն այդքան չկա, միայն Ռուսաստանի բացահայտ հարձակման դեպքում ՆԱՏՕ-ն կկանգնի թուրքի կողքին, մանավանդ որ՝ ՆԱՏՕ-ում թուրքերին, մեղմ ասած, չսիրող մի քանի երկիր կա, իսկ այնտեղ նման որոշումներ կայացնելու համար կոնսենսուս է պետք: Սակայն չեն բացառվում ինչ-որ ակտիվացումները սահմանի վրա, ու որպեսզի այդ ակտիվացումները չվերածվեն լայնամասշտաբ գործողությունների, պետք է ակտիվացման ցանկություն ունեցող թուրքերի ախորժակն արգելակող գործողություններ անել, երևի այդ գործողությունների շարքին է պատկանում նաև այս հրապարակումը:








































