ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմը վերանայել է 2014 ֆինանսական տարվա՝ պաշտպանությանն ուղղված բյուջեն և որոշել է Աֆղանստանում ամերիկացի զինվորների ռազմական գործողությունների վրա ծախսել նախատեսվածից 10 տոկոս քիչ գումար: Ուրբաթ օրը ԱՄՆ նախագահը Կոնգրեսին նամակ է հղել՝ հայտնելով, որ այդ նպատակով 79.4 մլրդ դոլարի հարցում է ներկայացնում: Այս մասին հաղորդում է ITAR-TASS-ը:
«Աֆղանստանի անցումային շրջանում մեր դերին ավելի համեստ հարցում է համապատասխանում»,-ասել է Սպիտակ տանը կից Ազգային անվտանգության խորհրդի ներկայացուցիչ Քեյթլին Հեյդենը: Նա նաև հիշեցրել է, որ «նախագահը դեռևս ուսումնասիրում է Ազգային անվտանգության խորհրդի թիմի առաջարկը և դեռևս որոշում չի կայացրել ԱՄՆ-ի՝ 2014թ.-ին Աֆղանստանում հնարավոր ներկայության չափերի վերաբերյալ»:







































