«Մեդիա և իրավունք» հասարակական կազմակերպությունը (նախկինում՝ Լրագրողների իրավունքների պաշտպանություն ՀԿ նախաձեռնություն) խստորեն դատապարտում է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Մհեր Սեդրակյանի ցուցաբերած վարքը լրագրողների նկատմամբ: Իշխող Հանրապետական խմբակցության պատգամավորը վիրավորել է մի խումբ լրագրողների՝ նրանց անվանելով «նախիր»: Երբ լրագրողները մոտեցել են Մհեր Սեդրակյանին՝ նրան հարց տալու համար, վերջինս, տեսնելով լրագողներին, ասել է՝ «Էս ինչ նախիր ա»:
Ապա լրագրողներից մեկը հորդորել է չվիրավորել իրենց, նման պիտակներով չխոսել ԶԼՄ ներկայացուցիչների հետ, բայց պատգամավորը զայրացել է, ասել, որ չի վիրավորել: «Ականջներդ երևի լավ չի լսվում… մաքրեք մի հատ»,- նշել է Սեդրակյանը, ապա լրագրողների միկրոֆոնները հրելով ասել. «Տար էն կողմ, բերանս մի մտցրա»:
Քիչ անց Մհեր Սեդրակյանը դուրս է եկել պատգամավորական աշխատասենյակից ու հրավիրել լրագրողին ներս՝ իր հետ խոսելու: «Նորմալ լրագրողների հետ կխոսա, աննորմալների հետ չէ»,- դիմելով լրագրողներին ասել է ՀՀԿ-ական պատգամավորը:
Նման միջադեպերի կրկնությունը կանխելու, շարունակականությունը թույլ չտալու համար «Մեդիա և իրավունք»-ը պահանջում է պատգամավորից հրապարակային ներողություն խնդրել:
«Մեդիա և իրավունք» ՀԿ-ն մտադրված է լրագրողների պատիվն ու արժանապատվությունը ոտնահարած, էթիկայի նորմերը խախտած պատգամավորի հարցերով դիմել ԱԺ էթիկայի հարցեով ժամանակավոր հանձնաժողով:









































