Ֆրանսիան դատապարտում է Սիրիայում «Բժիշկներ առանց սահմանների» ոչ կառավարական կազմակերպության հովանու ներքո աշխատող հիվանդանոցի ռմբակոծությունը: Le Figaro թերթի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է այդ երկրի ԱԳՆ ղեկավար Ժան-Մարկ Էյրոն: Նրա գնահատմամբ՝ խոսքը «ռազմական հանցագործության» մասին է:
«Ես ամենավճռական կերպով դատապարտում եմ Սիրիայի հյուսիսում «Բժիշկներ առանց սահմանների»-ի կողմից աջակցություն ստացող հիվանդանոցի հերթական գիտակցված ռմբակոծությունը»,- ասել է Էյրոն: «Հարձակումները Սիրիայում առողջապահության ոլորտի օբյեկտների վրա», որոնք նախարարի պնդմամբ՝ իրագործում են երկրի իշխանությունները կամ նրանց կողմնակիցները, «անընդունելի են և պետք է անհապաղ դադարեցվեն»: «Դրանք ռազմական հանցագործություններ են»,- հավելել է նա:
Ավելի վաղ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպությունում հայտնել են, որ «անձնակազմից և հիվանդներից զոհվել են առնվազն 7 մարդ, կազմակերպության 8 աշխատակից անհետ կորել են» Իդլիբ նահանգի Մաարրեթ-էն-Նուուման քաղաքի մերձակա հիվանդանոցի ռմբակոծությունից հետո:









































