Թուրքիայի ԱԳՆ-ն կտրուկ դատապարտել է ռուսական ուժերի կողմից Սիրիայի ռմբակոծությունները և Ռուսաստանի գործողությունները գնահատել որպես ռազմական հանցագործություն՝ փոխանցում է Anadolu գործակալությունը։
«Ցավով փաստում ենք, որ Ռուսաստանը կրակի դադարեցման մասին որոշման ընդունումից հետո ոչ միայն չի դադարեցրել ռմբակոծությունները Սիրիայում, այլև սկսել է հարվածներ հասցնել դպրոցներին ու հիվանդանոցներին։ Վերջին 24 ժամում ռուսական զինված ուժերը հարվածներ են հասցրել Աազեզում երկու դպրոցի, Մարատ Ալ-Նումանում՝ հիվանդանոցի, որը գործում էր «Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպության հովանու ներքո։ Այդ հարձակումների հետևանքով զոհվել է ավելի քան 30 մարդ, որոնց թվում մեծամասնություն են կազմում կանայք ու երեխաները։ Ռուսաստանի հարվածների հետևանքով վիրավորվել է ավելի քան100 խաղաղ բնակիչ»,- ասվում է Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ։
Թուրքիայի ԱԳՆ-ն Ռուսաստանի գործողությունները համարել է ռազմական հանցագործություն։
«Ռուսաստանի Դաշնությունն այդ հանցավոր գործողություններով սրում է իրավիճակը տարածաշրջանում։ Այդ հանցավոր գործունեությունը շարունակելու դեպքում, որոնք զրոյացնում են խաղաղության ձեռք բերման և Սիրիայում կայունության վերականգնման ջանքերը, ՌԴ գործողությունները կհանգեցնեն շատ լուրջ հետևանքների»,- ասվում է հայտարարության մեջ։








































