ՀՀ ԱԳ նախկին նախարար, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանը Facebook-ի իր էջում գրել է.
«Երեկ ես Ֆլեթչերի դիվանագիտության դպրոցում էի, Բոստոնում: Ամեն անգամ այստեղ գալիս ինձ մոտ տպավորություն է՝ կարծես տուն եկած լինեմ: 1980-ականների վերջին, երբ ես Ֆլեթչերում էի, հայ ուսանողներ չկային: Այսօր այստեղ Հայաստանից տասնհինգ ուսանող կա, որոնք «Թավիթյան» կրթաթոշակով մասնակցում են վեցամսյա ծրագրի: Նրանք պետական տարբեր գերատեսչություններից են և ծրագրի ավարտից հետո վերադառնալու են իրենց զբաղեցրած աշխատանքին: Նրանց առջև ես խոսեցի Հայաստանի դիվանագիտության մասին, համեմատություններ անցկացրեցի երեք նախագահների վարած արտաքին քաղաքականությունների միջև՝ կենտրոնանալով հետևյալ թեմաների վրա.
1. Արտաքին քաղաքականության գաղափարական հենք,
2. Ղարաբաղյան խնդիր,
3. Հայ-թուրքական հարաբերություններ: Ես ներկայացրեցի, թե այս երեք ուղղություններում ինչպես է զարգացել արտաքին քաղաքական միտքը:
Ուսանողները բավական հետաքրքիր հարցեր տվեցին: Այս հատուկ ծրագրին, որն սկսվել է 1999թ.՝ իմ նախարար եղած ժամանակ, մինչ այժմ շուրջ 200 հոգի է մասնակցել՝ գիտելիքները հարստացնելով ակադեմիական հրաշալի միջավայրում: Առաջին մի քանի տարիներին մասնակիցները միայն արտգործնախարարությունից էին: Այսօր նրանք ամենատարբեր գերատեսչություններից են: Այդ երիտասարդները մեր երկրի հարստությունն են:
Հինգշաբթի ես կլինեմ Վաշինգտոնում, որտեղ ելույթ կունենամ «Կարնեգի հիմնադրամում»: Բացի այդ, հանդիպումներ կունենամ Պետքարտուղարությունում»:









































